Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    516

  • EUR

    615
    631

  • RUB

    6,8
    7,08

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն անկարող է եղել լինել պատասխանատու․ Զոհրաբ Մնացականյան

05 Նոյեմբեր, 2020 20:12
Ադրբեջանն անկարող է եղել լինել պատասխանատու․ Զոհրաբ Մնացականյան

Հարց. Հայ-ռուսական խորհրդակցությունների առնչությամբ, ի՞նչ փուլում է այդ աջակցությունը։ 

Զոհրաբ Մնացականյան. Անհրաժեշտ բոլոր աշխատանքները տարվում են այդ առումով։ Այս պահի դրությամբ ավելին չեմ կարող ասել, բայց այն, ինչ վերաբերում է մեր պայմանագրային հարաբերություններին, դրանից բխող գործառույթներին, ինչը որ անհրաժեշտ է, այժմ արվում է։ 

Հարց. Իսկ միայն այդ պայմանագի՞րն է, թե այլ թվականների պայմանագրեր էլ են այս պահին քննարկվում․ միա՞յն 1997թ․ պայմանագիրն է։ 

Զոհրաբ Մնացականյան. 1997 թ․ պայմանագիրը բազային պայմանագիրն է, որից բխում են նաև այլ գործառույթներ, որոնք արտահայտված են այլ փաստաթղթերի մեջ, որոնց Դուք անդրադարձաք։ 

Հարց. Պարոն նախարար, Դուք երեք անգամ հանդիպեցիք ադրբեջանցի Ձեր գործընկերոջ հետ՝ փորձելով հասնել հրադադարի, սակայն երեք անգամ էլ այն խախտվեց։ Դուք խոսե՞լ եք նրա հետ։ Ի՞նչն է պատճառը: Այդ հարցերը քննարկե՞լ եք։ 

Զոհրաբ Մնացականյան. Ես Ձեզ հիշեցնեմ ավելին։ Երեք անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել սրա մեջ՝ զինադադարի հասնելու նպատակով։ Երեք անգամ երեք համանախագահ երկրները լրջագույն ներուժ են ներդրել դրա մեջ։ Երեք անգամ Հայաստանը լրջագույնս ներգրավվել և ապահովել է դրա համաձայնեցումը: Երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, որովհետև երեք անգամ հավանաբար Ադրբեջանը ուղղորդվել է այլ դերակատարի՝ Թուրքիայի կողմից: Երեք անգամ մենք ունեցել ենք իրավիճակ, երբ Ադրբեջանն անկարող է եղել լինել պատասխանատու և հետևողական իր համաձայնությունն իրականացնելու համար։ 

Դրանից չի բխում, որ դադարելու ենք աշխատել զինադադար ամրագրելու ուղղությամբ, և ոչ միայնակ, այլ նաև համանախագահների հետ միասին։ 

Հիմքում դրված են այն չորս կետերը, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Դրանք վերահաստատվել են նաև, ինչպես գիտեք, մյուս հանդիպումների ժամանակ. այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել։ 

Հարց.  Ջեյհուն Բայրամովը դա ի՞նչով է բացատրում, այդ խախտումները, որ իրենք չեն կարողանում իրենց պարտավորությունները կատարել, և արդյո՞ք որևէ երաշխիք կա։ 

Զոհրաբ Մնացականյան. Կարևոր հարցերից մեկն այստեղ վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է։ Վերիֆիկացիոն համակարգի ներդրումը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթը։ Այդ առումով, նույնպես, այսօր  աշխատանքները կատարվում են, և մեզ անհրաժեշտ է դրան հասնել։ Այդ առումով համանախագահների ներգրավվածությունը, վճռականությունը, աշխատանքը մնում են շատ կարևոր:

Հարց. Լավրովը առաջակում է թեժ գծի ներդրում, ինչպես նաև, դիտորդների առկայություն, որպեսզի իսկապես պահպանվի հրադադարի ռեժիմը։ Դրա հնարավորությունը ինչպե՞ս եք հիմա գնահատում։ 

Զոհրաբ Մնացականյան. Նորից կրկնեմ, խոսքը վերաբերում է վերիֆիկացիոն համակարգի ներդրմանը, որն այսօրվա մեր գերակա հարցերից մեկն է։ Չեմ կարող ասել, որ մենք արդեն հասել ենք դրան, բայց սա է հենց կարևորագույն հարցը, որպեսզի մենք կարողանանք իրականացնել հոկտեմբերի 10-ի մեր ընդհանուր հայտարարության առաջին երկու կետերը։

Հարց. Իսկ ՀԱՊԿ-ին դիմելու հարց կա՞ մեր օրակարգում:

Զոհրաբ Մնացականյան. Մենք անում ենք այն, ինչ որ գնահատում ենք։ Եվ գնահատականի հիման վրա էլ արել ենք մեր գործառույթը։ Շարունակելու ենք անել այնպես, ինչպես գնահատում ենք։ 

Հարց․ ՀԱՊԿ-ին դիմելու կաշկանդվածություն կա՞, թե ոչ։ Որովհետև ՀԱՊԿ-ի մաս կազմող առնվազն երկու երկիր՝ Բելառուսը և Ղազախստանը, անմիջապես տնտեսական գործընկերներ են Ադրբեջանի հետ։ Արդյո՞ք պաշտոնական Երևանը մտավախություն չունի, որ եթե դիմի ՀԱՊԿ-ին, նրանք կհրաժարվեն պայմանագրի կանոնադրության համաձայն ապահովել Հայաստանի անվտանգությունը։ 

Զոհրաբ Մնացականյան․ Նորից պետք է կրկնեմ, որ Ձեր հարցը խորը վերլուծությունների և առանձին երկար քննարկումների, սեմինարների հարց կարող է լինել։ Բայց պարզ և հստակ պատասխանն այնպես է, ինչպես ես արտահայտեցի քիչ առաջ․ մենք մեր քայլերը իրականացնում ենք այնպես, ինչպես որ անհրաժեշտ ենք գտնում արդյունավետության, արագության առումով։ 

Հարց․ Պարոն Բաբաջանյանը՝ անկախ պատգամավոր, «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր կարծիքով, իհարկե դա վերջում ձևակերպել էր որպես համոզմունք՝ հիմնված բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր վերջին հանդիպումներից ստացած եզրակացության վրա, և ասել էր, որ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, որովհետև, ինչպես գործընկերս նշեց, այդ նկատառումներից ելնելով, բայց նաև այն, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն ՀԱՊԿ-ին չդիմել, ձեռնպահ մնալ այդ քայլից։ 

Զոհրաբ Մնացականյան․ Մենք պարոն Բաբաջանյանի հետ շփվում ենք և աշխատում ենք, քննարկում ենք բազմաթիվ հարցեր և շարունակելու ենք դա անել միասին:

Հարց․ Այս պահի դրությամբ Փաշինյան-Ալիև հանդիպում քննարկվու՞մ է: 

Զոհրաբ Մնացականյան․ Չեմ կարող ասել, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված է։ Երբ որ կնախատեսվի, բնականաբար, կասեմ։ 

Հարց Իսկ արտգործնախարարների մակարդակո՞վ։ 

Զոհրաբ Մնացականյան Նույնպես։ Գիտեք, վերջին անգամ հանդիպումը Ժնևում էր։ Աշխատանքը առօրյա է այդ առումով,  և  բոլոր մակարդակներով համանախագահների հետ մեր աշխատանքները շարունակվում են՝ ըստ անհրաժեշտության։ Ամեն ինչն իրավիճակային է, բնականաբար, կրկնեմ՝ այդ իրավիճակային զարգացումների մեջ մենք հիմա հետապնդում ենք շատ հստակ նպատակներ։ Այդ հստակ նպատակներն արտահայտված են չորս կետերի մեջ, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ի հայտարարությունների մեջ։ 

Հարց․ Նախագահական ընտրություններից հետո ակնկալիք ունե՞ք, որ ԱՄՆ դերակատարությունը կարող է ինչ-որ առումով փոխվել։ 

Զոհրաբ Մնացականյան․ Ես կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգների դերակատարությունը և ներգրավվումը եղել է շատ ակտիվ։ Եվ ունեմ առիթը ասելու, որ այդ ակտիվությունը շարունակվելու Է։ 

Հարց․  Ընտրություններից հետո՞ էլ։ 

Զոհրաբ Մնացականյան․ Այո, բնականաբար։ Անկախ ամենից՝ վստահ ենք, որ մեր աշխատանքը Միացյալ Նահանգների հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակվելու է, և իրենց դերակատարությունը մնալու է ակտիվ։ Ինչպես որ դա ակտիվ է և Ռուսաստանի, և Ֆրանսիայի կողմից։ Վստահ եմ՝ բոլորդ նաև նկատել եք, որ համանախագահ երկրների ներգրավվածությունն ամենաբարձր մակարդակով է՝ բոլոր երեք համանախագահների դեպքում։ 

Հարց. Պարոն նախարար, կներեք, անդրադառնալով կրկին խորհրդակցություններին՝ մենք ե՞րբ արդյունքները կտեսնենք:

Զոհրաբ Մնացականյան. Երբ մենք բոլորս կտեսնենք, վստահ եմ, որ Դուք առաջինը կիմանաք։ 

Հարց. Հայ-ռուսական խորհրդակցությունները ինչքան են շարունակվելու, և ե՞րբ է սկսելու հայկական կողմից մասնակցությունը: Հայկական իշխանություններն ի՞նչ դեմքով են մասնակցում այդ խորհրդակցություններին: 

Զոհրաբ Մնացականյան. Մեր խորհրդակցությունները շարունակվում են։ Այս պահի դրությամբ ավելին չեմ կարող ասել:

Հարց.  Եվ դրանք սկիզբ են առել հենց վարչապետի նամակից հետո՞:

Զոհրաբ Մնացականյան. Մենք աշխատում ենք երեք համանախագահների հետ, մենք երեք երկրների հետ աշխատում ենք նաև առանձին՝ ըստ մեր ունեցած գործիքակազմի: Մեր ունեցած գործիքակազմն ամբողջ այս ժամանակաշրջանում առաջիկ իսկ օրվանից գործի է դրվել: Երբ մենք որոշել ենք, որ այդ նոր գործիքակազմի մեջ այս բաղադրիչն ենք օգտագործում, դա էլ գործի ենք դրել և շարունակելու ենք նույն ձևով: 

Հարց. Պարո՛ն նախարար, վարչապետի նամակից հետո սկիզբ առած գործընթացներ կան, թե՞ ոչ: Այսպես հստակեցնենք։

Զոհրաբ Մնացականյան. Ես արդեն պատասխանեցի այդ հարցին:

Հարց. Պարոն նախարար, արդեն հայտնի է, որ Թուրքիան է այս ամբողջ իրավիճակը վիժեցնողը, և արդյոք միջազգային հանրության մեջ կա այդ պատկերացումը, որ հիմա պետք է Թուրքիայի դեմ ինչ-որ գործողություններ կատարվեն: Եվ, այսինքն, ինչ-որ գործողություններ այդ երկրի դեմ լինելու՞ են՝ այդ երկրի դերակատարությունը զսպելու:  

Զոհրաբ Մնացականյան. Շատ էական հարց է մեզ համար՝ զսպելու այն ագրեսիվ և ապակայունացնող քաղաքականությունը, որն արտահայտվել է նաև մեր տարածաշրջանում և արտահայտվել է անմիջապես մեր դեմ: Այդ առումով, բնականաբար, մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր շահագրգիռ գործընկերների հետ, որոնց անհանգստացնում է այս իրողությունը, որը խիստ ապակայունացնող է և անմիջապես զգացվում է մեր տարածաշրջանում, անմիջապես արտահայտվում է մեր հանդեպ ագրեսիայով: Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, այդ թեման առավել սուր է, և իրողություն դարձավ մեր տարածաշրջանում: Այդ երևույթի դեմ պայքարը շարունակելու ենք նաև միջազգային համագործակցության միջոցով, որը արդեն տեղի է ունենում: 

Հարց. Ինչ-որ կերպ հնարավորություն կա՞ ՄԱԿ-ում չեզոքացնելու այդ չարաբաստիկ բանաձևերը, քանի որ հիմա արդեն այս հարձակումից պարզ է, որ այդ գոտիները, որ գտնվում են, որոնք միջազգային հանրությունը համարում է Ադրբեջանի մաս, դրանք լեգիտիմ անհրաժեշտություններ են։  

Զոհրաբ Մնացականյան. Մենք ունենք հստակ նպատակներ, որոնց համար կան գործիքակազմեր: Թե՛ ՄԱԿ-ում, թե՛ մյուս կառույցներում ըստ անհրաժեշտության ձեռնարկվելու են համապատասխան քայլեր: Բայց նորից եմ կրկնում, ամենակարևորը նպատակներին ծառայեցնելն է այն, ինչ որ կա։

Հարց. Պարոն նախարար, Ռուսաստանից ասում են, որ կմիջամտեն այն ժամանակ, երբ իրավիճակը, ռազմական գործողությունները կտեղափոխվեն հայկական կողմ: Մենք տեսնում ենք, որ Դավիթ Բեկ գյուղը հրթիռակոծվում է, այնտեղ նաև զոհեր կան: 

Զոհրաբ Մնացականյան. Որոշումներն ընդունվում են՝ ըստ իրավիճակի գնահատման:

Հարց. Հիմա հանրության մեջ մտահոգություններ կան, որ Դուք պարբերաբար ասում եք, որ ըստ իրավիճակի գնահատման, բայց արդեն Սյունիքի մարզում, ինչպես գիտեք,  իրավիճակը լարված է, Վարդենիսի ուղղությամբ ևս որոշակի առումով լարվածություն կա: Ինչու՞ նպատակահարմար չեք գտնում պաշտոնապես ՀԱՊԿ-ին, օրինակ, դիմելու: 

Զոհրաբ Մնացականյան. Մենք գործում ենք ըստ անհրաժեշտության, ըստ գնահատման՝ արդյունավետության առումով։ Ամեն ինչ արվում է ըստ գնահատման և խորհրդատվական մեխանիզմների միջոցով։ 

Հարց. Այսինքն՝ արդյունավետ չէ դիմելը, որովհետև այս պահին...

Զոհրաբ Մնացականյան. Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է այն բոլոր գործառույթները, որոնք անհրաժեշտ են իրականացնել հիմա։ 

Հարց. Հայաստանի իշխանությունները լրացուցիչ ներուժի կարիք ունե՞ն։ Համենայն դեպս մի քանի խումբ դիմում է վարչապետին, որպեսզի նախկինների աջակցությունից օգտվեն՝ խորհրդակցական մակարդակով թեկուզ, և այդ շտաբի ձևավորման խոսակցությունն է անընդհատ առաջանում։ Այս մասով ընդհանրապես Դուք, թեկուզ, Ձեր նախկին գործընկերներին դիմելու պատճառ ունեցե՞լ եք, փորձ ունեցե՞լ եք, պարոն Մնացականյան։ 

Զոհրաբ Մնացականյան. Այդ հարցին ես կրկին ընդարձակ չեմ պատասխանի․ ամենն արվում է այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր համազգային նպատակների հասցեագրման համար։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին