Կարևոր իրադարձություններ

ԵՄ պաշտոնյայի հետ քննարկվել է Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործման հարցը․ Միջազգային դաշինքի անդամ Սարգիս Սիմոնյան (տեսանյութ)

05 Նոյեմբեր, 2020 12:16
ԵՄ պաշտոնյայի հետ քննարկվել է Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործման հարցը․ Միջազգային դաշինքի անդամ Սարգիս Սիմոնյան (տեսանյութ)

 Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող թիմի ղեկավար Ջիանմարկո Սկուպայի հետ քննարկել են Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի մանրամասները։ Հանդիպման մանրամասները Shabat.am-ին ներկայացրել է միջազգային դաշինքի անդամ , Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանը միջազգային ատյաններում, Բրյուսելում բնակվող Սարգիս Սիմոնյանը ։  

 Հանդիպմանը մասնակցել են Բելգիայում Հայաստանի հարցերով զբաղվող անկախ իրավաբանը, Եվրախորհրդարանում քաղաքականության մշակման հարցերով զբաղվող խորհրդատուն, Բելգիայի հայ կոմիտեի, ինչպես նաև Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության միջազգային դաշինքի ներկայացուցիչները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու, քաղաքացիական ենթակառուցվածքներին ծանր հարվածներ հասցնելու, ինչպես նաև միջազգայինորեն արգելված զինատեսակներ՝ կասետային և ֆոսֆորային ռումբեր կիրառելուն։

Հանդիպման ընթացքում բարձրացվել է Արցախի անկախության ճանաչման հարցը, Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառումը։ Հայկական կողմը հետաքրքրվել է՝ ինչ դիրքորոշում ունի Եվրոպան՝ հումանիտար օգնության տրամադրման վերաբերյալ, և վերջապես ինչու է լռում միջազգային հանրությունը և ինչու քայլեր չի ձեռնարկում, որ մյուս պետությունները ճանաչեն Արցախի անկախությունը։

Եվրոպացի պաշտոնյան  դրական է գնահատել  հայկական կողմի առաջարկը, որ Եվրոպայից անկախ փորձագիտական խմբեր գործուղվեն Հայաստան և Ադրբեջան: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ առաջարկը կքննարկեն։

Ջիանմարկո Սկուպան պատրաստակամություն է հայտնել ԵՄ հանձնաժողովում մանրամասն քննել առաջ քաշված բոլոր հարցերն ու երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց կարծիքն ու գործողությունների ծրագիրը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական երկրների՝ Ֆրանսիայի, Վիեննայի  նկատմամբ իրականացվող ահաբեկչական գործողություններին, որոնք սպառնալիք են նաև եվրոպական մյուս քաղաքաներին, իսկ Եվրոպական կառույցները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն։

Սարգիս Սիմոնյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 12-ին նախատեսվում է բողոքի ակցիա իրականացնել։ 

Հիշեցնենք, որ սփյուռքում բնակվող միլիոնավոր հայերը բողոքի ակցիաներ են կազմակերպում տարբեր քաղաքաներում, ցույցերը շարունակական բնույթ են կրելու։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին