Կարևոր իրադարձություններ

ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն արդեն նոր գործառույթ են իրականացնում

04 Նոյեմբեր, 2020 11:02
Հեղինակ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն արդեն նոր գործառույթ են իրականացնում

«Զվարթնոց» օդանավակայանում եւ սահմանային մյուս անցակետերում ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն արդեն նոր գործառույթ են իրականացնում․ ստուգում են՝ արդյո՞ք երկիր մուտք գործող անձինք ունեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր։

Եթե այո՝ անձը ազատվում է ինքնամեկուսացումից։ Սահմանված սերտիֆիկատը կամ նմուշառման փաստը հավաստող փաստաթուղթը անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացվում է ԱԱՏՄ և Ոստիկանության աշխատակիցներին՝ օդանավակայանի ելքի մոտ։

Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում։ Այդ դեպքում նրան տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը, ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո միայն ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից։

Երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։

Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

ԱԱՏՄ այս աշխատանքներին «Զվարթնոց» օդանավակայանում հետեւել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Նրան ներկայացվել է գործընթացը, զեկուցվել են կազմակերպչական հարցերը։ Տրվել է նոր գործառույթի ճշգրիտ եւ տեխնիկական խնդիրները բացառելով կազմակերպելու հանձնարարական։

 

Լրահոս

Դիտել ավելին