Կարևոր իրադարձություններ

Իրավական բլոկը՝ խորհրդարանում. ովքեր այսօր կներկայացնեն բյուջեի նախագիծը. «Ժողովուրդ»

04 Նոյեմբեր, 2020 09:07
Իրավական բլոկը՝ խորհրդարանում. ովքեր այսօր կներկայացնեն բյուջեի նախագիծը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր հայրենի խորհրդարան են ներկայանալու իրավական ոլորտը ներկայացնող մի խումբ պաշտոնյաներ: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեն ներկայացնելու են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ինչպես նաեւ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Մենք տեղեկացանք նաեւ, որ խորհրդարան են գալու ՀՀ վերաքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ինչպես նաեւ հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը. վերջիններս եւս կներկայացնեն 2021 թվականի իրենց բյուջեն, անելիքները: Նախատեսված է, որ ԱԺ կներկայանա նաեւ Հհ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նշենք, որ այս օրերին խորհրդարանում ընթանում է տարբեր պետական կառույցների՝ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում: Նոյեմբերի 2-ին, պատերազմական իրավիճակով պայմանավորված, բյուջեի նախագծի բացմանը խորհրդարան էր ներկայացել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. պետական բյուջեի նախագծերը ԱԺ-ին անցած տարիներին ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ այս պահի դրությամբ դեռեւս անհայտ է՝ վաղը նշված պաշտոնյաները խորհրդարան կգան, թե ոչ»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին