Կարևոր իրադարձություններ

Սա ազատության համար մղվող պատերազմ է. մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ․ Զոհրաբ Մնացականյան

04 Նոյեմբեր, 2020 09:00
Սա ազատության համար մղվող պատերազմ է. մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ․ Զոհրաբ Մնացականյան

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի կողմից նախաձեռնված «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում նման ներկայացուցչական պատվիրակության այցն անչափ կարևոր է՝ որպես արցախահայությանը ցուցաբերվող զորակցության և համերաշխության դրսևորում: 

Զոհրաբ Մնացականյանը ներկաներին իրազեկեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքի վերաբերյալ, որն ուղեկցվում է պատերազմի հանցագործություններով և արցախահայության ֆիզիկական բնաջնջմանը միտված գործողություններով: Նախարարը հանգամանալից տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության անընդմեջ թիրախավորման, քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների հրետակոծմանը զուգահեռ արգելված զինատեսակների կիրառմամբ անտառածածկ տարածքների միտումնավոր հրդեհման փաստերի վերաբերյալ:  

ԱԳ նախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից վարվող ռազմական գործողություններին անմիջական ներգրավվածություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դերակատարության վրա, որն արտահայտվում է նաև վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրմամբ և հակամարտության գոտում տեղակայմամբ: «Ադրբեջանը վերածվել է Հարվային Կովկասում ահաբեկչության կենտրոնի, ահաբեկչություն հովանավորող պետության»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: 

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնություններին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի խուսափելն իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերջինիս անկարողության մասին: 

Նախարար Մնացականյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին: Ի պատասխան հետագա զարգացումների վերաբերյալ հարցին՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց. «Սա ազատության համար մղվող պատերազմ է: Մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ»: 

 

Լրահոս

Դիտել ավելին