Կարևոր իրադարձություններ

Իսրայելն ինքն է տուժելու այդ անազնիվ համագործակցությունից. Փաշինյանը՝ «The Jerusalem Post»-ին

03 Նոյեմբեր, 2020 11:56
Իսրայելն ինքն է տուժելու այդ անազնիվ համագործակցությունից. Փաշինյանը՝ «The Jerusalem Post»-ին

Իսրայելը միավորվել է Թուրքիայի, ահաբեկիչների ու սիրիական զինյալների հետ՝ ի պաշտպանություն Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հակամարտության հարցում և վերջին հաշվով Իսրայելն ինքն է տուժելու այդ անազնիվ համագործակցությունից։ Այս մասին «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը քննադատել է Երուսաղեմին՝ Ադրբեջանին զինելու համար, որը ցանկանում է իրականացնել ցեղասպանություն ԼՂ հայերի դեմ։ Չնայած Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել մարտական ​​գործողությունները, իսկ երկրի Արտաքին գործերի նախարարությունը փորձում է Իսրայելին հեռու պահել հակամարտությունից, Փաշինյանը հայտարարել է, որ Իսրայելն այժմ շատ ակտիվ մասնակցում է հակամարտությանը, քանի որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում:

Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանը հոկտեմբերի սկզբին հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին խորհրդակցության համար Թել Ավիվում դեսպանություն բացելուց ընդամենը երկու շաբաթ անց` բողոքելով իր թշնամուն զենք վաճառելու դեմ:

Պարբերականը նշում է, ոոր Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ՀՀ կողմից իր դեսպանին հետ կանչելուց անմիջապես հետո, զանգահարել իր հայ գործընկերոջն ու առաջարկել մարդասիրական օգնություն: «Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», -հայտարարել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը շահագրգռված կլինի իսրայելական մարդասիրական օգնությամբ:

Փաշինյանը հարցազրույցի ժամանակ նշել է, որ Թուրքիայի և սիրիացի վարձկանների ներգրավումը հակամարտության մեջ բարդացրել է իրավիճակը. «Նրանց ներկայությունը տարածաշրջանում վտանգ է ներկայացնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար․ Իրանը և Ռուսաստանը ևս հայտարարել են, որ այս հանգամանքը դիտում են որպես սպառնալիք »:

ՀՀ վարչապետը նաև նշել , որ չնայած նախկինում գոյություն ունեին  անուղղակի ապացույցներ այն մասին, որ Թուրքիան մոբիլիզացնում է սիրիացի վարձկաններին ` Ադրբեջանում կռվելու համար, այժմ կան հստակ ապացույցներ, քանի որ վերջերս երկու վարձկաններ գերեվարվել են Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից. «Նրանցից մեկը համապարփակ վկայություն է տվել և ասել է, որ նա ապրում էր Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիացի փախստականների ճամբարում: Նա պատմել է, թե ինչպես են իրեն հավաքագրել, նկարագրել է, թե որտեղ են նրանց ներգրավել և ինչպես են նրանք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով, բայց ոչ ոք նրանց որևէ հարց չի տվել ու չի ստուգել»:

 

Լրահոս

Դիտել ավելին