Կարևոր իրադարձություններ

Արցախում ստեղծված իրավիճակը նուրբ մոտեցում է պահանջում Ռուսաստանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հարցում․ «Փաստ»

03 Նոյեմբեր, 2020 09:05
Արցախում ստեղծված իրավիճակը նուրբ մոտեցում է պահանջում Ռուսաստանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հարցում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախում ընթացող ռազմական գործողությունները իրենց մեջ ողջ տարածաշրջանը «բոցավառելու» կամ խոր անկայունության մեջ ընդգրկելու պոտենցիալ ունեն։ Իսկ անկայունությունը բխում է Թուրքիայի շահերից, քանի որ դրա միջոցով թուրքական վերնախավը հնարավորություն կստանա ճանապարհ բացել իր պանթուրանական և նեոօսմանական ծրագրերի իրագործման համար։ Իսկ թուրքական այսպիսի ծրագրերը հակադրվում են ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների շահերին։ Խորհրդային միության տարածքի մաս կազմող Հարավային Կովկասը Ռուսաստանը պատմականորեն համարել է իր շահերի գերակայության գոտի, իսկ այստեղ հաստատվելու թուրքական յուրաքանչյուր փորձ ռուսների ազդեցությունը թուլացնելու նպատակ է հետապնդում։

Եվ պատահական չեն փորձագիտական այն գնահատականները, որ միայն Ռուսաստանը Հարավային Կովկասում ամենից շատ ազդեցություն և լծակներն ունի, որոնց միջոցով կարող է կանխել թուրքական ներթափանցումը այս տարածք։ Իսկ այս հարցում մեծ նշանակություն են ձեռք բերում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները և երկու երկրների միջև ձևավորված անվտանգային փոխգործակցության միջավայրը։ Եվ կարևոր է, որ պատերազմական իրավիճակի պայմաններում ՀՀ ղեկավարությունը հայտարարում է, թե Ռուսաստանը ողջ ծավալով իրականացնում է և իրականացնելու է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները։

Միևնույն ժամանակ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը փորձում է առավել չսրել իրավիճակը Արցախյան հակամարտության գոտում և հասնել հրադադարի հաստատման, որից հետո խնդրի կարգավորման գործընթացը ամբողջովին կտեղափոխվի դիվանագիտական հարթություն։ Բայց Թուրքիան ադրբեջանական բանակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու և հակամարտության գոտին ահաբեկիչների կենտրոնատեղի դարձնելու միջոցով Ռուսաստանին փորձում է հունից հանել։ Իսկ երբ Ռուսաստանը սկսի կտրուկ քայլեր ձեռնարկել, Թուրքիան հնարավորություն կստանա արդեն պաշտոնապես զորք տեղափոխել Ադրբեջան և այնտեղ մշտական ռազմական ներկայություն ապահովել ռազմաբազայի հիմնման տեսքով։ Այնպես որ, իրավիճակը շատ նուրբ մոտեցում է պահանջում Ռուսաստանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հարցում։

Եվ պատահական չէ, որ ՀՀ վարչապետի՝ ԱԳՆ խողովակով նախագահ Պուտինին ուղղված նամակի շուրջ ՌԴ ԱԳՆ-ից ստացված պատասխանից շատ չանցած Բաքու շտապեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն և կրկին հայտարարեց, թե իրենք մինչև վերջ Ադրբեջանի հետ են։ Թուրքիային չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ Ռուսաստանը հայտարարում է Հայաստանին աջակցություն տրամադրել ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները չեզոքացնելու տեսանկյունից։ Սակայն բավական հատկանշական է, որ մեր հանրության ներսում Ռուսաստանի գործողությունների հետ կապված թեման տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում։ Եվ, ըստ այդմ, տարբեր շրջանակներ, անկախ այն հանգամանքից, թե իրենք որքանով են տիրապետում իրավիճակի նրբություններին, փորձում են «խորը վերլուծություններ» իրականացնել, որոնք շատ հաճախ կարող են նաև հակառուսական տրամադրությունների առաջացման պատճառ դառնալ։

Հայաստանում հակառուսականության ամրապնդումը բխում է Թուրքիայի շահերից, դա թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն ու ցանկությունն է: Այնպես որ, այստեղ չափազանց զգուշավոր ու նուրբ մոտեցում է անհրաժեշտ: Ընդհանրապես, հակառուսական տրամադրությունների առաջացումը բացարձակ չի բխում Հայաստանի շահերից։ Կարևոր է գիտակցել, որ թուրքական սպառնալիքի վտանգի խորացմանը զուգահեռ Ռուսաստանն իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի, ինչի մասին դիվանագիտական լեզվով ոչ մեկ անգամ է բարձրաձայնվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին