Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը Արցախ այցի համատեղ հրավերներ են ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին

30 Հոկտեմբեր, 2020 22:09
Հեղինակ՝ Արման Թաթոյան
Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը Արցախ այցի համատեղ հրավերներ են ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանները այսօր Արցախ այցի համատեղ հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին
 
Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր:
Համատեղ հրավերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ և Շուշի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմիններին հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։
Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները և այլն։
Այս այցով «պետք է ապացուցել, որ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է, այլ իրական կյանքում իրական մարդկանց պաշտպանելու համար ստեղծված գաղափար»,-ասված է համատեղ հրավերի տեքստում:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Արտակ Բեգլարյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպան»

 

Լրահոս

Դիտել ավելին