Կարևոր իրադարձություններ

Բարբարոսները․ թուրք-ադրբեջանական հրոսակների համար ընդհանրապես ոչ մի մարդասիրական կանոն չի գործում. «Փաստ»

30 Հոկտեմբեր, 2020 09:18
Բարբարոսները․ թուրք-ադրբեջանական հրոսակների համար ընդհանրապես ոչ մի մարդասիրական կանոն չի գործում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պատմության գրեթե բոլոր փուլերում տեղի են ունեցել պատերազմներ, երբ պետությունները դրանց միջոցով փորձել են լուծել իրենց աշխարհաքաղաքական և ռազմական խնդիրները։ Հաճախ են նաև այն դեպքերը, երբ բռնապետներն իրենց ֆանտաստիկ ծրագրերն իրականություն դարձնելու համար դիմում են ագրեսիվ պատերազմի։ Արցախում ընթացող ռազմական գործողությունների դեպքում գործ ունենք այսպիսի երևույթի հետ։ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն իր նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու համար Ադրբեջանին պարտադրում է շարունակել ագրեսիան Արցախի նկատմամբ։

Եվ չնայած ապրում ենք 21-րդ դարի քաղաքակրթության պայմաններում, երբ մարդասիրական չափորոշիչները պատերազմական իրավիճակում ավելի են կարևորվում, թուրք-ադրբեջանական հրոսակների համար ընդհանրապես ոչ մի մարդասիրական կանոն չի գործում։ Նրանք լիովին բարբարոսական գործելակերպ են որդեգրել՝ առաջնորդվելով միայն քանդելու և ոչնչացնելու մոլուցքով։ Նրանք անընդհատ կրակի տակ են պահում Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Հադրութը և այլ բնակավայրեր՝ թիրախավորելով քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Արգելված կասետային զենքերի կիրառման պայմաններում զոհեր են գրանցվում քաղաքացիական բնակչության շրջանում, շարքից հանվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, վնասվում է քաղաքացիների գույքը։ Եվ այս հարցում Ադրբեջանն ընդհանրապես միջոցների առջև խտրություն չի դնում։

Ադրբեջանական բանակի կողմից ռմբակոծվում են մշակութային և հոգևոր կոթողները, ինչպես Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Հրթիռների տարափի ներքո են հայտնվում նաև դպրոցները, ծննդատները, հիվանդանոցները և կենսական կարևորություն ունեցող այլ օբյեկտներ։ Այսպիսի բարբարոս գործելակերպը նստած է թուրքական մենթալիտետում, և պետք չէ զարմանալ, որ նրանք առաջնորդվում են իրենց միջնադարյան բնազդներով, երբ գազանաբար սպանում էին մարդկանց, ամայացնում բնակավայրերը և անխնա թալանում։ Թուրքի կերպարն, ըստ էության, չի փոխվել, և պատահական չէ, որ նրանք պատմության ընթացքում ասոցացվել են դաժանության, չարի, սուգ ու ավերի հետ։

«Այստեղով թուրքեր են անցել» թևավոր արտահայտությունը կենսունակ է նաև մեր օրերում։ Մի՞թե այլ բան կարելի էր սպասել քնած մարդուն կացնահարողից, խաղաղ ցուցարարների վրա դանակներով և մուրճերով հարձակվողներից, ծերերին դաժանորեն խոշտանգողներից, իհարկե, ոչ։ Նրանք ինչպես հանցագործ ահաբեկիչներ եղել են, այնպես էլ մնացել են։ Թուրք-ադրբեջանական տանդեմի բարբարոսական քայլերը համեմատելի են միայն Իսլամական պետության ահաբեկիչ զինյալների գործելակերպի հետ։ Եվ այս հարցի շուրջ հետաքրքրական է հատկապես գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Րաֆֆու հետևյալ բնորոշումը. «Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա»։

Հստակ երևում է, որ այսպիսի վայրագություններով Ադրբեջանը և Թուրքիան փորձում են լուծել Արցախի հայաթափման խնդիրը այնպես, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանի հայության հետ։ Եվ պատահական չէ, որ աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը վերջերս զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Ադրբեջանին «շնորհվել» է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում, և 10-րդ` ժխտողականություն աստիճանները։

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով Թուրքիայի ու Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքերն ընդդեմ Արցախի քաղաքացիական բնակչության, խախտում են Ժնևի կոնվենցիան ու հանցագործություն են գործում։ Իսկ, ինչպես գիտենք, անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում։ Թուրքիան այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել 1915 թվականին Հայոց ցեղասպանության իրագործման համար։ Եվ, մեծ հաշվով, այս պատերազմը ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության շարունակությունն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին