Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կարգավորման առաջին փուլում կարևորում է ռազմական գործողությունների դադարեցումը: Այս մասին ՌԴ նախագահն ասել է ներդրումային համաժողովի ընթացքում:
«Ինչպես արդեն ասել եմ՝ կոնֆլիկտը սկսվել է էթնիկ բախումներից: Սկզբում Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում և հետո հենց Լեռնային Ղարաբաղում: Եվ այս ժամանակ Սովետական միության իշխանությունը ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հայերն իրենք են դա արել՝ զենք վերցնելով: Ճի՞շտ են վարվել, սխա՞լ..․ ի սկզբանե նրանց քայլերի հիմքում եղել են այդ բացասական իրադարձությունները՝ էթնիկ հիմքով։ Դա բերեց նրան, որ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի 7 շրջանները հայտնվեցին Հայաստանի վերահսկողության տակ»,- ասել է ՌԴ նախագահը:
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ 7 շրջաններն էթնիկ հակամարտության հետ կապ չունեն:
«Ադրբեջանն ասում է` մենք ունենք իրավունք վերադարձնելու այդ տարածքները և հստակեցնելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հետ կապված: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, և այստեղ չկան հեշտ լուծումներ, որովհետև հանգույցն է շատ դժվար քանդել: Մենք ելնում էինք նրանից, որ պետք է խոսել Ադրբեջանին այդ 5+2 շրջանները տալու հնարավորության մասին` ապահովելով համապատասխան ռեժիմով փոխգործակցություն ԼՂ-ի ու Հայաստանի միջև, և այլն: Պետք գտնել հետաքրքրությունների բալանսը, որը ձեռնտու է երկու կողմերին էլ, ինչպես Ադրբեջանի ժողովրդին, այնպես էլ Հայաստանին»,- նշել է ՌԴ նախագահը:
«Այս կոնֆլիկտը, որը ձգվում է արդեն 3 տասնամյակ, չի տալիս էֆեկտիվ զարգացման հնարավորություն երկու երկրներին էլ: Առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, մարդկային կորուստներ տալը, պետք է նստել բանակցությունների սեղանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևավորած առաջարկների հիման վրա, Մինսկի խմբի մյուս երկրների մասնակցությամբ, իսկ այնտեղ շատ երկրներ կան, ներառյալ Թուրքիան ու այլ եվրոպական երկրներ, համատեղ աշխատանքի միջոցով գտնել կոնսենսուս և հետաքրքրությունների բալանս: Դա հնարավոր է անել»,- ասել է Պուտինը: