Արցախ-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմում հարյուրավոր զինվորներ զոհվեցին հանուն հայրենիքի։
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից 2019թ․-ին բանակ էր զորակոչվել նաև Հակոբ Մանթաշյանը՝ տանկիստը, որը ցավոք , զոհվեց այս պատերազմում։
Հակոբն ու մյուս զինծառայողները սեպտեմբերի սկզբին մեկնել էին «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելու։
«Հակոբը հպարտությամբ ու սիրով էր ծառայում, նվիրվել էր հայրենիքին։ Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց Հակոբը դեռ մասնակցում էր «Կովկաս 2020» զորավարժություններին ու առաջին բանը , որ մտածում էր՝ Հայաստան վերադառնալն էր։ Պատվոգիր էր ստացել, Վոլգոգրադից փոքր տանկ կախազարդ էր գնել, որ նվիրեր իր հայրիկին։ Սեպտեմբերի 30-ին վերադարձավ Հայաստան ու միանգամից մեկնեց մարտի դաշտ»,- Shabat.am-ի հետ զրույցում պատմում է Հակոբի հորեղբոր դուստրը՝ Նելլի Մանթաշյանը։
Հոկտեմբերի 16-ին Հակոբը խոսել էր մոր հետ, ասել էր, որ հնարավոր է՝ տուն գա, շատ ոգևորված էր եղել։
«Մարտերի ժամանակ Հակոբը վազել էր դեպի տանկն ու այդ պահին թշնամու ԱԹՍ-ն խոցել էր այն։ Նրան, երբ եղափոխել էին Արցախ, իր հետ եղած մի քանի իրերն ու մորը գրված նամակը, կտակարանը տվել էր զինակից ընկերներին ու խնդրել էր փոխանցել ծնողներին»,- ասում է Նելլի Մանթաշյանը։
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10- ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։