Կարևոր իրադարձություններ

Իմ սիրտը Հայաստանի հետ է. Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով փոխնախարար

29 Հոկտեմբեր, 2020 15:15
Իմ սիրտը Հայաստանի հետ է. Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով փոխնախարար

Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ Դավիթ Մակարյանն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

«Իմ սիրտը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետևանքով տուժած մարդկանց հետ է: Իմ հասարակական գործունեության մեջ է մտնում «Ուկրաինայի հայերի միության» ղեկավարի տեղակալի լիազորությունների իրականացումը: «Ուկրաինայի հայերի միություն»-ը մի շարք կարևոր նախագծեր է իրականացնում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում տարբեր ուղղություններով՝ մշակույթ, կրթություն, սպորտ, պատմություն եւ այլն», - նշել է փոխնախարարը՝ նշելով, որ այսօր իր «հայ եղբայրներն ու քույրերը դժբախտության մեջ են»:

Մակարյանը տեղեկացրել է, որ կայացել է արտահերթ նիստ «Ուկրաինայի հայերի միության» նախագահ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, հայկական համայնքների տարածաշրջանային ղեկավարների, տեղակալների, ինչպես նաեւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի մասնակցությամբ:

«Հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել շտաբ ստեղծել գործողությունների արդյունավետ համակարգման համար, առաջին հերթին՝ ԼՂ-ում մարտական գործողություններից տուժած հայերին աջակցելու համար: Շնորհակալ կլինենք յուրաքանչյուրին, ով կօգնի»,-ասել է նա:

Ուկրաինայի հայ համայնքն ակտիվորեն աջակցում է Հայաստանին: Ուկրաինայի հայ համայնքի կողմից այս ընթացքում բերվել է շտապօգնության ավտոմեքենաների մեծ խմբաքանակ, ինչպես նաև էլեկտրոգեներատորներ, բժշկական պարագաներ, ձմեռային հագուստ և կոնկրետ նշանակության այլ միջոցներ:

 

Լրահոս

Դիտել ավելին