Կարևոր իրադարձություններ

Վերապատրաստման դասընթաց՝ պատերազմական իրավիճակում երեխաներին աջակցելու նպատակով

29 Հոկտեմբեր, 2020 14:08
Վերապատրաստման դասընթաց՝ պատերազմական իրավիճակում երեխաներին աջակցելու նպատակով

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ:
«Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով հեռավար դասընթացները մեկնարկում են նոյեմբերի 1-ից: Դասընթացին կմասնակցեն հանրապետության դպրոցների 2-ական մանկավարժներ: Մասնակիցներին կներկայացեն դպրոցները և ՏՄԱԿ-ները՝ մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի միջոցով, որոնց արդեն ուղարկվել են համապատասխան շրջաբերականներ:
Վերապատրաստման ծրագրի շրջանակում մանկավարժները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքները և կարողությունները՝
●Պատկերացում հոգետրավմայի մասին
●Հոգետրավմային տրվող տարիքային արձագանքները
●Հոգետրավմայի ազդեցության ոլորտները երեխայի կյանքում
●Մանկավարժների և ուսուցիչների արձագանքը հոգետրավմա ապրող երեխայի հանդեպ
●Մանկավարժական աջակցման ձևերը հոգետրավմա ապրած երեխային։

Պատերազմական իրավիճակը խաթարում է երեխայի կենսագործունեության միանգամից քանի ոլորտ և ամենածանր հետևանքները կարող է թողնել նրա զարգացման վրա։ Տրավմատիզացիայի հաղթահարման լավագույն ուղիներից մեկը երեխաներին կրթության ոլորտում ներառելն ու նրանց առօրյան վերականգնելն է։

 
 

Լրահոս

Դիտել ավելին