Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից․ «Փաստ»

29 Հոկտեմբեր, 2020 08:05
Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Այսօր Ժնեւում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ «քննարկելու, համաձայնեցնելու եւ դեռեւս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Իրականում ի՞նչ սպասել այս եւ ընդհանրապես նման հանդիպումներից: «Ենթադրում եմ, որ Ադրբեջանը պահանջելու է իր ծրագիրը, որի մասին արդեն հայտարարել է. ըստ Ադրբեջանի՝ գործնական քայլն այն է, որ Հայաստանը թուղթ ներկայացնի, թե որ շրջանից երբ է զորքերը հանում, երբ են այնտեղ վերադառնում փախստականները, երբ են հանձնում Շուշին, որից հետո կտեսնեն, թե այնտեղ խաղաղապահ զորք մտնում է, թե ոչ:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հայկական կողմը, բնականաբար, դեմ է կապիտուլյացիային: Հասկանալի է՝ նման բան տեղի չի ունենա: Հաշվի առնելով այս ամենը՝ ընդամենը կհանդիպեն, կխոսեն եւ վերջ», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն էլ շեշտեց, որ մեծ ակնկալիք չունի Ժնեւում սպասվելիք հանդիպումից. «Վերջին շրջանում տարբեր մակարդակներով հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություներ ձեռք բերվեցին, բայց փորձն այլ բան ցույց տվեց: Մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածության վրա ուշադրություն չի դարձնում: Մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ հանդիպումներն ինչ-որ էական ազդեցություն, մեծ հաշվով, չեն ունենալու:

Մենք մեր հարցերը պետք է կարողանանք գրագետ ու նպաստավոր լուծել ճակատում, որ ռազմաճակատում թելադրողի դերում լինենք, ինչն էլ դիվանագիտական ճակատին բավականին մեծ աջակցություն կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին