Կարևոր իրադարձություններ

Հիմա համակարգը պայքարում է 3 ուղղությամբ. ԱՆ–ն հայտարարություն է տարածել

28 Հոկտեմբեր, 2020 11:29
Հիմա համակարգը պայքարում է 3 ուղղությամբ. ԱՆ–ն հայտարարություն է տարածել

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում մի շարք «մտահոգություններ» է հայտնել կորոնավիրուսային հիվանդության 2-րդ ալիքի առնչությամբ:

Մասնավորապես մեջբերենք մի հատված. «Արսեն Թորոսյանը, կարծես թե, զարմացել է, որ գոյություն ունի կորոնավիրուսի երկրորդ ալիք, և միայն հիմա են որոշել մահճակալներ ավելացնել այն դեպքում, երբ այժմ բժշկական կենտրոնները պետք է օգնեն վիրավոր զինվորներին: Նկատենք, որ բժշկական հաստատություններից շատերը կրկին վերապրոֆիլավորվել էին և դարձել էին սովորական հաստատություններ, այլ ոչ թե սպասարկում էին միայն կորոնավիրուսով հիվանդներին։ Ստացվում է՝ վարակի նահանջի «ոսկե ժամանակը» չօգտագործվեց 2-րդ ալիքին պատրաստվելու համար»:

Նախ, հուլիսից, երբ կորոնավիրուսային հիվանդության դեպքերը սկսեցին նվազել, այլևս կարիք չկար դատարկ մահճակալներով հիվանդանոցներ առանձնացրած պահելու, հատկապես, որ վերջիններս պետք է սպասարկեն նաև ընթացիկ խնդիրներ ունեցող պացիենտներին:

Բնականաբար, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայատանում, չբացառելով աշնանը հիվանդության աշխուժացման և 2-րդ ալիքով պայմանավորված տարածման հավանականությունը, առողջապահական համակարգը լիովին պատրաստ էր պահի անհրաժեշտությամբ վերապրոֆիլավորելու բժշկական կենտրոնները, ինչը սահուն արվում է դեպքերի աճին համահունչ: Չմոռանանք, որ կորոնավիրուսային հիվանդության թվերի աճին մեծապես նպաստել է պատերազմի անհանգստության ներքո մեր հայրենակիցների «անհնազանդությունը»` համաճարակաբանական կանոններին չհետևելը:

Մի դիտարկում, գուցե՞ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ էր տեղեկացվել հնարավոր պատերազմի մասին և կարո՞ղ էր «ոսկե ժամանակ»-ը օգտագործել մարտահրավերին պատրաստվելուն:

Ինչևէ, մեղադրանքներ հնչեցնելուց առաջ, վատ չէր լինի մտածել, որ հիմա համակարգը պայքարում է 3 ուղղությամբ`
1. տեղափոխում և բժշկական օգնություն է տրամադրում վիրավորներին,
2. կորոնավիրուսային հիվանդությունը վերջին մեկ ամսում արհամարհած, կանոններին չհետևած կամ վերջիններիս պատճառով վարակված քաղաքացիներին բուժօգնություն է ցուցաբերում,
3. այլ հիվանդությունների հետևանքով անհետաձգելի և վերակենդանացման միջոցառումներ պահանջող դեպքերի բուժօգնության տրամադրում:

Հասկանալի է, որ աշխարհի մեղքերը կարելի է բարդել առողջապահական համակարգի` ի դեմս ոլորտի պատասխանատուի վրա, սակայն կոչ ենք անում տարրական հարգանք ունենալ ռազմական դրության ժամանակ զօրուգիշեր, անխոնջ աշխատող հանրության հանդեպ:

Արվում է անհնարինը` դիմակայելու վերը նշված այս մարտահրավերներին, իսկ հասարակությունից պահանջվում է ընդամենը հետևել կոչերին և պահպանել հակահամաճարակային կանոնները. բժիշկն այսօր առավել քան պետք է զինվորին:

 

Լրահոս

Դիտել ավելին