Կարևոր իրադարձություններ

Տասը չափել, մեկ կտրել, առավել ևս՝ պատերազմական իրավիճակում․ «Փաստ»

28 Հոկտեմբեր, 2020 09:49
Տասը չափել, մեկ կտրել, առավել ևս՝ պատերազմական իրավիճակում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներկայիս փուլը վճռորոշ ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար։ Արցախահայության գոյության հարցը ուղղակի դրված է հարցականի տակ, քանի որ Ադրբեջանը փորձում է հասնել Արցախի լիակատար հայաթափմանը։ Դրանով է պայմանավորված, որ հակառակորդը ռազմական գործողություններին զուգահեռ մշտապես կրակի տակ է պահում Արցախի խաղաղ բնակավայրերը։ Հակառակորդի այսպիսի ամբարտավան պահվածքը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանին քաղաքական և ռազմական լուրջ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան, որի արդյունքում ադրբեջանական բանակի տրամադրության տակ են հայտնվել ոչ միայն թուրքական սպառազինություններ, այլև թուրք հատուկ ջոկատայինները և իսլամական ահաբեկիչ գրոհայինները։

Գաղտնիք չէ, որ հակառակորդը էական թվային գերակշռություն ունի հայկական կողմի նկատմամբ։ Ուստի այս իրավիճակում հայկական կողմը հաղթանակի հասնելու համար պետք է կարողանա քիչ ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծել։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ռազմաճակատին, այլև դիվանագիտական հարթությանը։ Սակայն ռազմաճակատում և դիվանագիտական հարթակում հաջողություններ գրանցելու համար թիկունքի ամրությունն ուղղակի անհրաժեշտություն է։ Իսկ ամուր թիկունք ունենալու համար անհրաժեշտ է գրագետ և շատ կազմակերպված աշխատանք տանել հասարակության հետ։

Ներկայիս տեղեկատվական ժամանակաշրջանում հակառակորդը մեծ միջոցներ է ներդրել, որպեսզի տարբեր ապատեղեկությունների միջոցով ապակողմնորոշի հայ հանրությանը և թուլացնի հանրային դիմադրողականությունը։ Հանրության իմունիտետը բարձրացնելու և խեղաթյուրված տեղեկատվությունից հեռու պահելու համար անհրաժեշտ է պարբերաբար իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ ու չափավոր տեղեկատվություն տրամադրել հասարակությանը, որպեսզի ինֆորմացիոն վակուում չառաջանա և մարդիկ չփորձեն տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկություններ կորզել այլընտրանքային աղբյուրներից։

Բայց հանրության համար տեղեկատվություն հրապարակելու ժամանակ պետք է գործել շատ զգույշ, քանի որ հակառակորդը հետևում է մեր յուրաքանչյուր քայլին և փորձելու է իր համար որևէ օգտակար ինֆորմացիա քաղել։ Ուստի պետք է այնպես անել, որ հակառակորդը չկարողանա հասկանալ, թե որոնք են լինելու մեր քայլերի հաջորդականությունը։ Բացի այդ, հակառակորդը փորձում է մշտադիտարկման արդյունքում հասկանալ, թե ինչ հանրային տրամադրություններ են առկա մեզ մոտ, ինչպես են այդ տրամադրությունները փոփոխվում, որպեսզի ըստ այդմ պլանավորի իր գործողությունները։

Եվ որպեսզի հակառակորդի մոտ կասկած չմնա այն հարցում, որ հայ հասարակությունը միակամ է հաղթանակի հասնելու հարցում և այդ նպատակն իրականություն դարձնելու համար պատրաստ է գնալ մինչև վերջ, անհրաժեշտ է, որ պարբերաբար հանրային մոտիվացիան բարձրացնող ուղերձներ տրվեն։ Միևնույն ժամանակ, պետք է զերծ մնալ այնպիսի տեղեկության կամ գնահատականների հրապարակումից կամ շրջանառումից, որոնցում հասարակությանն այնպիսի որակումներ են տրվում, որ կարող է մարդկանց մոտ դժգոհության կամ հուսալքության տեղիք տալ։

Մյուս կողմից, իհարկե, պատերազմական իրավիճակում ոգևորությունն անհրաժեշտ է, սակայն հարկ է, որ այն չվերաճի էյֆորիայի, որի ժամանակ հանրությունն առաջնորդվում է իրականությունից կտրված պատկերացումներով։ Իսկ ինչպես ցույց է տալիս փորձը, էյֆորիան շատ արագ կարող է փոխարինվել հուսալքությամբ։ Ուստի հանրության հետ տարվող աշխատանքը այս մասով պետք է միտված լինի նրան, որ հանրային տրամադրություններում գերիշխի սթափությունը, երբ հասարակությունը կփորձի մոբիլիզացնել իր ներուժը և չի տրվի ավելորդ էմոցիաների»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին