Կարևոր իրադարձություններ

Թուլանալու, ընկրկելու, թևաթափ լինելու իրավունք չունենք, տղերքը մեզ չեն ների․ «Փաստ»

28 Հոկտեմբեր, 2020 08:56
Թուլանալու, ընկրկելու, թևաթափ լինելու իրավունք չունենք, տղերքը մեզ չեն ների․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Առավոտյան և երեկոյան ժամերին համայնքապատկան մեծ մեքենայի շարժիչի ձայնն է լսվում։ Հիմնականում տարիքն առած աշխատակիցները խնամքով ջրում և մշակում են փողոցը երկու մասի բաժանող կանաչապատ տարածքը, մաքրում այն։ Մարդիկ խանութ են շտապում գնումների, Հայփոստում վճարումներ կատարում, բանկի մոտ նորից հերթեր են։ Շուկայում տիկինն ակտիվ բանավիճում է վաճառողի հետ՝ «էս ժամանակ խնձորն էսքա՞ն կարժենա, թանկաբազառ եք, այ մարդ»։ Փողոցի մի հատվածում էլ անթիվ-անհամար տուփեր են շարված, երիտասարդները ու երեխաները մրջյունների պես սնունդ և այլ իրեր են տեղավորում դրանց մեջ Հայաստանում հաստատված արցախցի ընտանիքներին ուղարկելու համար:

Տաքսիների միջից ռադիոյի ձայնն է, նորություններ են պատերազմից: Փողոցի մյուս հատվածում բոլորը խոսում են, արագ-արագ քայլում, երբեմն ժպտում, բայց, դե, ոչինչ էլ առաջվանը չէ։ Ո՛չ ժպիտները, ո՛չ խոսքերը։ Դառնահամ լռությունը կախվել է մեր երկրի գլխավերևում, ծանրությունն իջել է մեզ վրա, ու էս լռությունը դեռ շատ երկար չի լքի մեզ։ Մեկ- մեկ կարծում եմ, որ երբեք էլ չի լքի։ Մենք մի ամբողջ կյանք մեղքի զգացումով ենք ապրելու։ Մեղքի զգացումով լույս նահատակների առաջ, որոնք ամենակարևորը՝ իրենց կյանքը զոհեցին ու զոհում են հանուն մեր ու մեր պետության լինելիության: Նրանց ընտանիքներին ու երեխաներին ասում ենք՝ Ձեր տղան հերոս է, մենք պարտական ենք ձեզ, բայց դա սփոփանք չէ:

Դա մեզ համար է սփոփանք, բայց ոչ իրենց: Իրենք իրենց որդուն ու հորն են ուզում, արդեն հասցրել են կարոտել: Իսկ մե՞նք, մենք շարունակում ենք ապրել, թուլանալու իրավունք չունենք, տղերքը մեզ դա չեն ների: Մենք իրավունք չունենք տրտնջալու, բողոքելու: Ամեն մեկս իր կռիվն ունի իր տեղում՝ աշխատավայրում, բուհում ու դպրոցում, Սփյուռքում, անգամ համակարգչի առաջ նստած, ավելի հաճախ ուղղակի լռելով ու գործը իրական գիտակներին թողնելով: Երբ տեսնում ես, թե ինչպես են երեխաները դաս սովորում, հետո բակում խաղում և այդ ընթացքում հասցնում քննարկել պատերազմն ու մտածել, թե ինչ կարող են անել զինվորների համար, հասկանում ես՝ իրենք մեզանից իրատես են, իրենք գիտեն, որ զինվորներն ամուր կանգնած են սահմանին, իրենք երբեմն ու գուցե ավելի շատ են հասկանում, թե իրականում ինչ է կատարվում, թե իրականում տղերքն ի՞նչ զոհողության են գնում հանուն իրենց:

Վստահ եմ՝ մեր անվտանգության ու պետականության միակ երաշխավորներն էլ գիտեն, որ թիկունքում մեկ բռունցք ենք՝ հանուն իրենց, հանուն հայրենիքի: Տեսնում են, որ երեխաները գումար են կուտակում ու հանձնում Համահայկական հիմնադրամին, կամավորները գնում են օգնության այն ընտանիքներին, որոնք պետք է բերքահավաք անեն, սակայն տղամարդիկ սահմանին են, իսկ կանայք միայնակ չեն կարողանում գլուխ հանել, մի տեղ նկարներ են վաճառում, մյուս տեղում՝ թուղթ հավաքում, անում հնարավորն ու անհնարը:

Մեր կռիվն էլ այստեղ է, իսկ տղերքը լեռների պես ամուր կանգնած են սահմանին: Մենք թուլանալու, ընկրկելու, թևաթափ լինելու իրավունք չունենք: Դա շռայլություն է մեզ համար: Մեր հոգու լացի միջից անգամ պետք է ժպտանք, մեր ժպիտով, ուժով ու համախմբվածությամբ ուժ տանք մեր տղերքին, այդ կերպ ապրեցնենք իրենց, «ստիպենք», որ վերադառնան, չէ որ պատերազմում ու զինվորի հարցում իմ ու քո չկա, բոլորը մերն են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին