Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    598
    614

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը

23 Հոկտեմբեր, 2020 14:15
Քննարկվում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգի նախագիծը։

Մոդելների ներդրման հիմնական նպատակներն են՝ hանրապետության այն բնակավայրերում, որտեղ չկան նախադպրոցական ծառայություններ, ձևավորել այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ոլորտում և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար ապահովել մատչելիություն: Մոդելներից որևէ մեկի ներդրման արդյունքում արդյունավետ մեխանիզմներ կիրառել նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման համակարգում: Այլընտրանքային նախադպրոցական կրթությունը կազմակերպելով համայնքահեն եղանակով՝ նախադպրոցական հաստատություն չունեցող բնակավայրերում այն դարձնել ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կառույց:

Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ․

Տարբերակ 1. ծառայությունները 3.5-4 ժամ տևողությամբ են, առանց ցերեկային քնի ապահովման: Խմբում երեխաների առավելագույն քանակը` 30։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։

Տարբերակ 2. 8 ժամյա ծառայությունը կիրառելի է, եթե երեխաների թիվը փոքր է՝ 15-20 երեխա, և համայնքն ունի միջոցներ՝ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։

Տարբերակ 3. 4-4.5 ժամ տևողությամբ ծառայությունը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և չկա մյուս մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։

Տարբերակ 4. 8 ժամ ծառայությունը կիրառելի է, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքն ունի միջոցներ, սակայն չունի շենքային պայմաններ։ Նպատակահարմար է կիրառել, եթե համայնքում առկա է մինչև 15 երեխա ընդունելու համար նախատեսված տուն։

Տարբերակ 5. կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում՝ այդտեղ արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության մասնաճյուղ ստեղծելու կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու միջոցով՝ փոփոխություն կատարելով գործող նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրության մեջ:

Տարբերակ 6. դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների համար: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի:

Տարբերակ 7. դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում՝ 5-ից 6 տարեկան երեխաների համար:

Տարբերակ 8. շրջիկ ծառայությունը նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր։ Ենթադրում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում նախադպրոցական ծառայությունների մատուցում։
Մոդելների ներդրումն իրականացվելու է բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որևէ ծառայություն չի գործում: Այն տեղի կունենա հետևյալ փուլերով՝ համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում և հաշվետվությունների ընդունում:

Հայտի ընտրության ժամանակ առաջնահերթությունը կտրվի այն բնակավայրերին, որոնք կներկայացնեն մոդելի գործունեության շարունակականության ապահովման հնարավորություններն ու երաշխիքները: Առաջնահերթություն կտրվի նաև պետությունից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող, ինչպես նաև հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերին։

Նախարարությունը ֆինանսական միջոցները կհատկացնի դրամաշնորհի միջոցով, որոնք նախատեսված են նախադպրոցական կրթական ծառայության մատուցման համար նախատեսվող շինության բարեկարգման, գույքով և սարքավորումներով համալրման աշխատանքների իրականացման և երեխաների հետ աշխատող մայրերի (կամ համայնքի այն ներկայացուցիչների, ովքեր աշխատելու են որպես դաստիարակներ) համար մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու համար: Արդյունքում, այլընտրանքային մոդելների ներդրմամբ տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կընձեռնվի՝ այլընտրանքային եղանակներով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել այդ տարիքի բոլոր երեխաներին:

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է ներդնել ծախսարդյունավետ մոդելները՝ ուսումնասիրելով Հայաստանում արդեն իսկ եղած փորձը, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացչության և «Աստղացոլք» ՀԿ-ի գործունեությունն այդ ուղղությամբ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին