Կարևոր իրադարձություններ

Կամավոր Արշակ Տոնոյանը, ցավոք, չտեսավ իր առաջնեկի ծնունդը․ 30-ամյա անուշավանցի երիտասարդը զոհվեց հանուն հայրենիքի

20 Հոկտեմբեր, 2020 16:20
Կամավոր Արշակ Տոնոյանը, ցավոք, չտեսավ իր առաջնեկի ծնունդը․ 30-ամյա անուշավանցի երիտասարդը զոհվեց հանուն հայրենիքի

Արցախ-ադրբեջանական պատերազմում հարյուրավոր զինծառայողներ զոհվեցին հանուն հայրենիքի պաշտպանության։

Շիրակի մարզի Անուշավան համայնքից բազմաթիվ կամավորներ, երկրապահներ մեկնեցին պատերազմ։ Ցավոք, այս պատերազմում արիաբար զոհվեց կամավոր 30-ամյա  Արշակ Տոնոյանը։

«Արշակը, երբ իմանում է, որ Արցախա-ադրբեջանական սահմանին թեժ մարտեր են ընթանում և պատերազմ է, սեպտմբերի 28-ին կամավորագրվում է ու մեկնում Արցախ։ Արշակը Մեղրիում էր աշխատում և անգամ չի գալիս տուն՝ ընտանիքի անդամներին ու կնոջը տեսնելու, այլ  միանգամից մեկնում է ռազմաճակատ։ Տան ճանապարհը կիսատ է թողնում ու գնում »,- Shabat.am-ին պատմեցին Արշակի դասընկերները։

Արշակն ամուսնացել էր երկու տարի առաջ․ «Ցավոք, Արշակը չտեսավ իր առաջնեկի ծնունդը։ Զոհված մեր ընկերոջը վերջին հրաժեշտը տվեցինք Անուշավան համայնքում՝ հոկտեմբերի 15-ին»։

Կամավորական Արշակ Տոնոյանին դասընկերները բնութագրում են որպես պայծառ մարդ․ «Իրեն բոլորս մականունով էինք դիմում՝ «Արջ»,  իր հզոր լինելու, իր ֆիզիկական պատրաստվածության համար։ Հայրենիքն իր համար առաջին տեղում էր։ Ինքը գնաց ու անմահացավ»։

Դասընկերները պատմում էին, որ 2019թ․-ին Անուշավան համայնքի երիտասարդության ջանքերով գյուղի սկզբում խաչ էին տեղադրել․ « Խաչի տեղադրման ժամանակ Արշակը զինվորականի շորերով էր, կարծես թե ճակատագիրը կանխորոշված էր»։

 

Լրահոս

Դիտել ավելին