Կարևոր իրադարձություններ

Ռազմական դրության ժամանակ որ դեպքում է ներկրված ապրանքն ազատվում հարկերից․ «Ժողովուրդ»

20 Հոկտեմբեր, 2020 09:24
Ռազմական դրության ժամանակ որ դեպքում է ներկրված ապրանքն ազատվում հարկերից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հոկտեմբերի 18-ին կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Այդ նախագծով ամրագրվել է, թե որ դեպքում է ներկրված ապրանքն ազատվում հարկերից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով կառավարությունը ցանկանում է ամրագրել, որ ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում: Ընդ որում, այս օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն տարածվելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Այս ընթացքում ՀՀ է ներմուծվում մեծ քանակությամբ ապրանքներ, որոնք հետագայում անհատույց (նվիրատվությամբ) հանձնվելու են Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը. այսպես փորձ է արվում թեթեւացնել գործարարների հարկային բեռը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին