Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    576
    590

  • RUB

    6,24
    6,54

Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ

16 Հոկտեմբեր, 2020 12:26
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ 

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարարը իր խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ:

Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը և շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Նախարար Մնացականյանն ընդգծեց նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական սարդիչ գործողությունների անթույլատրելիությունը:

ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությամբ, ինչը դրսևորվում է վերջինիս անմիջական ռազմական մասնակցությամբ և Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար: 

Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն առավել ընդգծում են Արցախի ժողովորդի գոյութենական վտանգը և հրամայական դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն ջանքերի ձեռնարկումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, առանձնահատուկ կարևորեց ՄԱԿ-ի և իր համապատասխան մարմինների կողմից հումանիտար աջակցության հասանելիության անհապաղ ապահովումը տեղում՝ մեղմելու Արցախի քաղաքացիական բնակչության տառապանքները և հասցեագրելու նրանց առաջնահերթ կարիքները՝ համաձայն ՄԱԿ նպատակների ոգուն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ և ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին