Կարևոր իրադարձություններ

Անհնար է, որ մենք ինչ-որ բան որոշենք և դա օրակարգ բերենք առանց ԼՂ համաձայնության. Զոհրաբ Մնացականյան

14 Հոկտեմբեր, 2020 09:53
Անհնար է, որ մենք ինչ-որ բան որոշենք և դա օրակարգ բերենք առանց ԼՂ համաձայնության.  Զոհրաբ Մնացականյան

Կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության ընձեռած հնարավորությունը ոչ մի դեպքում բաց թողնել չի կարելի, ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, գրում է Armtimes.com-ը։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի առավոտից ռազմական լայնամասշտաբ գործողությունները վերսկսվել են, հիմնականում՝ հարավային ուղղությամբ: «Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաք ներթափանցելու փորձ է կատարվել մոտ 200 հոգանոց դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից, մեծ ուժեր են առաջ նետվել, փորձել են ինչ-որ բանի հասնել: Ռմբակոծությունները շարունակվել են մինչև շաբաթ առավոտ, ողջ կիրակի, հարվածներ են հասցվել նաև երկուշաբթի՝ օրվա ողջ ընթացքում Եվ այդ ողջ ընթացքում հարվածները քաղաքների և, հատկապես, մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ չեն դադարել»,- ասել է նախարարը:

Ըստ Մնացականյանի, առաջին քայլը ստեղծված իրավիճակում հումանիտար նպատակներով կրակի դադարեցումն է, և այդ համատեքստում նախարարը շեշտել է ՌԴ գլխավորությամբ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ Մոսկվայում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելը:

«Այդ պայմանավորվածությունը կորցնելը շատ վտանգավոր է: Խորհրդակցություններ են անցկացվում և՛ Միջազգային Կարմիր խաչի կազմակերպության, և՛ Մինսկի խմբի համանախագահների, և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Անհրաժեշտ է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում: Այժմ քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման հարցը: Այդ համատեքստում Ռուսաստանը շատ օգտակար դեր է խաղում: Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը հանդես են եկել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման օգտին, բայց տարիներ շարունակ մենք խնդիրն այն է, որ Ադրբեջանը դեմ է հրադադարի ամրապնդման որևէ մեխանիզմի ներդրմանը»,- ասել է Մնացականյանը:

Մնացականյանը շեշտել է, որ կոնկրետ տարածքների՝ այս կամ այն կողմից վերահսկողության տակ գտնվելու մասին խոսելը տեղին չէ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի դիրքերի առաջխաղացում է եղել, քայլեր են ձեռնարկվում հակառակորդի որևէ հաջողություն թույլ չտալու ուղղությամբ, պաշտպանության բանակի ուժերը հետ են շպրտում հակառակորդին, դիրքավորում է ընթանում: Հակառակորդը երկու շաբաթում կրառել է իր ողջ հզորությունը՝ ավիացիա, ծանր հրետանի, տանկեր, հետևակ, ԱԹՍ-ներ՝ Թուրքիայի անմիջական ու անվերապահ աջակցությամբ:

«Թուրքիան  Ադրբեջանին զինում է ռազմական տեխնիկայով, F-16 կործանիչներով, հրամանատարությամբ ու աջակցում օդային ղեկավարմամբ: Բացի այդ, Սիրիայից, Լիբիայից զինյալ-ահաբեկիչների տեղակայումը Ադրբեջանում փոխում է հակամարտության համատեքստը: Արցախը վերջին երկու շաբաթում ցույց է տվել, թե ինչ է նշանակում պաշտպանությունն ու ինչ է նշանակում պաշտպանել սեփական կյանքը, տունը, հողը, ընտանիքն ու պատմական հայրենիքը»,- ընգծել է Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում հումանիտար հրադադարի վերաբերյալ համաձայնության կայացման հարցում բարձր է գնահատել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դերը:

«Բանակցությունները շատ բարդ ու զգայուն հարցերի վերաբերյալ էին: Շատ դրույթներ կային՝ հարցերի ինչ ծավալ է պետք դիտարկել, ինչ հերթականությամբ քայլեր պետք է կատարվեն: 11 ժամ պահանջվեց այս 4 կետի շուրջ համաձայնության գալու համար, որոնք արտացոլվել են հայտարարությունում: Եվ այստեղ,  շատ կարևոր դեր է ունեցել Սերգեյ Լավրովը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի այս պահին զերծ մնալ դետալների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց: Ինձ համար հիմա կարևորն արդյունքի հասնելն է: Հարցեր կան, որոնք վերաբերյալ մենք բացարձակապես համաձայն չենք ադրբեջանական կողմի հետ, բայց գլխավոր այն է, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք այդ հարցին մոտեցել, մեր ժողովուրդների առաջ ունեցած մեծ պատասխանատվությամբ»-նշել է Մնացականյանը:

Մնացականյանը նաեւ հավելել է, որ բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղին բացառել հնարավոր չէ, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, նրա բնակչությանը, որն էլ երկրում իշխանություն է ընտրել:

«Այն, որ Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ չէ, չի նշանակում, որ մենք չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ: Բայց, եթե որևէ մեկը ենթադրում է, թե մենք Ղարաբաղ ենք զանգում և աջ ու ձախ հրամաններ տալիս, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մեր փոխհարաբերություններում առկա իրողությունները։ Մենք չենք կարող Ղարաբաղին հրամաններ տալ, բայց կարող ենք աշխատել միասին։ Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մենք Երևանում կարող ենք առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության ինչ-որ բան լուծել, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել և դա դնել բանակցությունների սեղանին»,-շեշտել է Մնացականյանը:

Ըստ ԱԳ նախարարի խոսքի, Ադրբեջանը մշտապես փորձում է ստեղծված իրավիճակը ներկայացնել որպես «հայ-ադրբեջանական» հակամարտություն, որում Ղարաբաղն ընդհանրապես տեղ չունի: Բայց իրողություններն այլ են։

 

Լրահոս

Դիտել ավելին