Կարևոր իրադարձություններ

«Գալաքսիի» հիմնադիրների հրավերով միջազգային լրագրողների խումբը ժամանել է Հայաստան (լուսանկարներ)

13 Հոկտեմբեր, 2020 11:28
«Գալաքսիի» հիմնադիրների հրավերով միջազգային լրագրողների խումբը ժամանել է Հայաստան (լուսանկարներ)

«Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ և ընկերության հիմնադիրների հրավերով Հայաստան են ժամանել Արևմտյան Եվրոպայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները և մեկնել Արցախ։ Մեկ տասնյակ հեռարձակող, տպագիր և օնլայն լրատվամիջոցների նկարահանող խմբերը 5 օր են անցկացրել սահմանային իրադարձությունները լուսաբանելու, հայկական կողմի պաշտոնական տեսակետը հրապարակելու, արցախցիների պատմությունները վերապատմելու և թուրք-ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն արձանագրելու համար։

 

«Այսօր պատերազմական գործողություններ են ընթանում նաև տեղեկատվական դաշտում, ու հակառակորդի կողմից փորձեր են կատարվում մոլորեցնելու համաշխարհային հանրությանը։ Լիահույս ենք, որ հրավիրված լրագրողների հրապարակումների միջոցով միջազգային հանրությունը կտեղեկանա կատարվածի մասին, հաղորդակից կլինի իրականությանն ու մարդկային պատմություններին», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Նա նաև հավելել է, որ անկախ հանգամանքներից իր պարտքն է համարում հնարավոր բոլոր միջոցներով ու կապերով երկրին ծառայելը այս բարդ ժամանակներում։

 

Տեղեկացնենք, որ լրատվամիջոցները ժամանել են Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից, Իսպանիայից, Հունաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից և սպասվում են համալրումներ։ Հակառակորդի ագրեսիայից նրանց պաշտպանելու համար լրատվամիջոցների ու լրագրողների անունները չեն հրապարակվի։ Նշենք, որ լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել է Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA)-ի հետ գործընկերությամբ, այս կառույցի էթիկական կանոնների և քաղաքականության պահպանմամբ։

 

Հիշեցնենք, որ «Գալաքսիի» ընկերություններն ու աշխատակիցները պատերազմի մեկնարկից ի վեր նվիրաբերություններ են կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, նախաձեռնել սոցիալական աջակցման նախագծեր՝ ի լրումն անվտանգության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերին։  

 

Լրահոս

Դիտել ավելին