Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հազարավոր իսլամիստ վարձկաններ է ուղարկել՝ Հայոց ցեղասպանությունը շարունակելու․ ԵԽ անդամ

10 Հոկտեմբեր, 2020 18:30
Էրդողանը հազարավոր իսլամիստ վարձկաններ է ուղարկել՝ Հայոց ցեղասպանությունը շարունակելու․ ԵԽ անդամ

Եթե եվրոպական պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մարտահրավերին համարժեք պատասխան տալ,ապա նա վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական և իսլամիստական երազանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ է հայտնել Եվրոպական խորհրդարանի՝ ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բայը Եվրախորհրդարանում:

«Եթե Եվրոպայի պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մարտահրավերին համարժեք պատասխան տալ, վերջինս վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական և իսլամիստական երազանքը, մինչդեռ այստեղ՝ Բրյուսելում, հերթական անգամ մանրախնդրությամբ ենք զբաղվում»,-հայտարարել է պատգամավորը:

Նա նշել է, որ 3000-4000 սիրիացի ջիհադիստ Թուրքիայի կողմից փոխադրվել են Արցախի դեմ պատերազմելու. սա այն է, ինչն անձամբ ընդունել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Հազարավոր իսլամիստ վարձկաններ, որոնք մեղադրվում են Իսլամական պետության կազմակերպած պատերազմական ոճրագործությունների մեջ, Էրդողանի կողմից ուղարկվել են այլ հանցագործություններ կատարելու և շարունակելու Հայոց ցեղասպանությունը, որն իրականացրել է Օսմանյան Կայսրությունը 80 տարի առաջ:
1.2-ից մինչև 1.5 միլիոն զոհ, ցեղասպանություն, որը թուրքական իշխանությունները մինչ օրս չեն ճանաչել, և որի ճանաչումը այլ պետությունների կողմից, Էրդողանի կողմից որակվել է որպես մեծագույն վիրավորանք»,-ասել է Նիկոլա Բայը:

Նա շեշտել է, որ պատմությունը վիրավորանք չէ, պատմություն, որն Էրդողանն, այնուամենայնիվ, կցանկանար վերստին գրել, քանի որ իր բոլոր քայլերը կենտրոնացվել են մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել Օսմանյան Կայսրությունը, ստանձնել սուննական իսլամական առաջնորդի դերը, որն ուներ Թուրքիան Խալիֆայության ժամանակաշրջանում: Նիկոլա Բայը նկատել է, որ դա մի նախաձեռնություն է, որն Էրդողանը ստանձնում է՝ այդ թվում իր պաշտոնական քարոզչական տեսանյութերում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին