Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու քայլերը

10 Հոկտեմբեր, 2020 16:33
Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու քայլերը

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ:

«Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։

Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։  

Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։

Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին