Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում նոր բացահայտումներ ու ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ»

10 Հոկտեմբեր, 2020 08:07
Առաջիկայում նոր բացահայտումներ ու ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արցախյան պատերազմի օրերին դավաճանների թեման շարունակում է արդիական մնալ, եւ առաջիկայում, հնարավոր է, այն ձնագնդի էֆեկտ ունենա, ու նոր բացահայտումներ լինեն:

Նախ՝ հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»»: Ապա պարզ դարձավ, որ ԱԱԾ-ում սկսված հետաքննության արդյունքում Երեւանում ձերբակալվել է Ստեփանակերտի բնակիչ Ն.Մ-ն:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում դիտարկվում են եւ ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ միայն Արցախ մեկնած ինչ-ինչ անձինք, այլ նաեւ քաղաքական շրջանակներից որոշ գործիչներ: Եվ այս առումով ուշադրության էր արժանի երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցում արված նրա հայտարարություններից մեկը՝ կապված դավաճանության դեպքի հետ: Նա, այսպես ասած, ակնարկեց, որ դավաճանների թվում չեն կարող լինել ԲՀԿ-ի կամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները:

«Շատ շուտով մենք կիմանանք հստակ անուններ: Մեր համաքաղաքացիները հոյակապ գիտեն՝ ինչի, ում մասին է խոսքը: Դուք տեսնում եք, որ, օրինակ, մենք ունենք «Լուսավոր Հայաստանի» ու ԲՀԿ-ի հետ խնդիրներ, բայց նրանց մոտ այդ գիտակցումը կա, եւ միասնականություն կա, բայց կան մարդիկ, որոնք փորձել ու փորձում են», – նշեց Ալեն Սիմոնյանը:

Այստեղից կարող ենք եզրակացնել, որ առաջիկայում սպասվում են ձերբակալություններ խորհրդարանական ուժերի շրջանակներից դուրս, իսկ թե որքանով է հիմնավորված դավաճանության հիմքով հարուցված քրեական գործը, որը ենթադրում է 15 տարվա ազատազրկում, ցույց կտա ժամանակը:

Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ձերբակալված անձն իր ցուցմունքում ասել էր, թե ինքը չի հորդորել զինվորներին դիրքերը լքել կամ նահանջել, այլ ընդամենը կարծիք է հայտնել, թե ինչ է մտածում պատերազմի վերաբերյալ»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին