Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը պատերազմական այս իրավիճակում շատ օգտակար կարող է լինել․ Միքայել Մելքումյան

07 Հոկտեմբեր, 2020 14:15
Գագիկ Ծառուկյանը պատերազմական այս իրավիճակում շատ օգտակար կարող է լինել․ Միքայել Մելքումյան

«13 կուսակցությունների դիմումը շատ տեղին և ժամանակին է։ Բոլորս գիտենք՝ ինչ իրավիճակ է ստեղծվել Արցախյան ճակատում, շփման գծի ողջ երկայնքով և այսօր մեր միակ գերխնդիրը  վերջնական հաղթանակ ունենալն է, հաղթանակի ապահովումն է և կողքի բարբարոսների՝ ադրբեջանաթուրքականին վերջնական  հարվածներ հասցնելը, բայց բոլոր էլ գիտենք, որ ծանր ժամանակներ են և դիմումը տեղին էր։ Բոլորն էլ գիտենք՝ պրն․ Ծառուկյանը ինչ հեղինակություն ունեցող անձնավորություն է, ոչ միայն մեր երկրում, այլև՝ միջազգային բոլոր տիպի կառույցներում, այդ թվում՝ Եվրոպայում։ Դուք գիտեք, որ մեր կուսակցությունը Եվրոպական պահպանողականների մեծ ընտանիքի անդամ է։ Ժամանակին ԵԽ մի շարք պատգամավորներ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ այցելեցին Արցախ։ Ոչ միայն դա է , այլև  մեր ռազմավարական գործընկերների շրջանում նա  ունի հեղինակություն,  դեպի հյուսիսի ուղղությամբ՝ ՌԴ, Բելառուսի, ԵԱՏՄ մյուս երկրների ուղղությամբ։ Այս առումով միայն օգտակար կարող է լինել»,- այս մասին այսօր Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Միքայել Մելքումյանը կարծիք հայտնեց, որ հիմա ժամանակը չէ ներքին և կասկածելի տարբեր խնդրիներով մարդուն անազատության մեջ պահել․ «Դեռևս որևէ կոնկրետ բովանդակության խնդիր չենք արձանագրել Գագիկ Ծառուկյանի կողքին։ Այդ առումով իհարկե, ժամանակն է, որ նա լինի ազատության մեջ և  առավելագույնս իր ջանքերը ներդնի։ Կարծում ենք, որ միանշանակ դա պետք է կատարվի, հաշվի առնելով նաև իրավական գործընթացը, որ դատարանի համապատասխան վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում։ Պետք է մի կողմն դնել բոլոր տիպի ներքին խնդիրները, որպեսզի մենք ունենանք հաջողություն։ Պարոն Ծառուկյանը շարքային ներդրում չի կատարելու, նրան ներդրումները լինելու են մեծ ծավալի և որակի՝ բոլոր առումներով»։

 Վերաքննիչ դատարանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին,  հետաձգեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակման ժամը, այն կհայտարարվի ժամը 18։00-ին, Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ որևէ միտու՞մ տեսնում է․« Չեմ ցանկանա եղանակի կանխատեսումներով զբաղվել։ Ուղիղ ասում եմ՝  այսօր երկրում լրջագույն խնդիրներ կան,  բայց  սկսած վերջին գյուղաբնակից մինչև  հայտնի դեմքերը պետք է իրենց ջանքերը ներդնեն հաջողության հասնելու համար։ Մենք հիմա ասում ենք՝ Գագիկ Ծառուկյանը թող լինի ազատության մեջ և իր աջակցությունը ներդնի։ Հիմա այդ նույն դատավորն էլ ՀՀ քաղաքացի է, բոլոր հայացքները պետք է մի կողմն դնել։ Միտում կա , բայց դրանք պետք է մի կողմն դնենք ու ուղիղ ճանապարհով գնանք, մարդը լինի ազատության մեջ։ Իսկ մենք գիտենք, որ նրա մակարդակը ինչքան է, որպեսզի իր լուման դնի երկրի հաղթանակի համար»։

Միքայել Մելքումյանը վերահաստատեց, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական նպատակներով է գտնվում անազատության մեջ․ «Մենք գնահատականը տվել ենք, որ սա քաղաքական հետապնդման վառ արտահայտություն է եղել, բայց էլի եմ կրկնում՝  մի կողմ պետք է դնել ՝ հետապնդումները, միտումները,  պետք է  համախմբվենք ։ Այսօր մենք ունենք արտաքին թշնամի, ներքին թշնամիների ժամանակը չէ։ Բոլորը պետք է բարեկամական հարաբերություներ ունենան։ Իհարկե, բոլորն ունեն իրենց քաղաքական հայացքները, բայց այսօր դա պետք է մղվի հետին պլան։ Արտաքին թշնամու շուրջ այսօր բոլորն ունեն նույն կարծիքը չէ՞, չկա այդպիսի մարդ, որն այլ կարծիք ունենա հաղթանակի հետ կապված։ Դրա համար այսօր քաղաքական մոտեցումները պետք է հետին պլան մղվեն, մինչև այս ամենը կավարտվի»,- ասաց ԱԺ պատգամավորը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին