Կարևոր իրադարձություններ

Կստեղծվի թեժ գիծ՝ վիրավոր զինծառայողների գտնվելու վայրն ու առողջական վիճակը պարզելու համար

06 Հոկտեմբեր, 2020 12:15
Կստեղծվի թեժ գիծ՝ վիրավոր զինծառայողների գտնվելու վայրն ու առողջական վիճակը պարզելու համար

Շուտով կստեղծվի հատուկ թեժ գծի ծառայություն, որով հնարավոր կլինի պարզել վիրավոր զինծառայողի գտնվելու վայրը, առողջական վիճակը:

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ իրենք բազմաթիվ զանգեր են ստանում վիրավորների հետ կապված: Օրերս կկանոնակարգվի համակարգը, ու թեժ գծի համարի մասին հավելյալ հայտարարություն կարվի:

Նա ընդգծեց, որ բոլոր վիրավորները հիմնականում կարողանում են կապ հաստատել հարազատների հետ, թե գիտակցության մեջ են: Ինքն անձամբ է շատ զինվորների հետ խոսել, կապ հաստատելու մասին հարցրել:

«Շատ քիչ դեպքեր են լինում, որ անճանաչելի վիրավորներ ենք ունենում, քանի որ անգիտակից են լինում, եւ իրավիճակից ելնելով՝ հայտնի չի լինում՝ որ զորամասից են, անուն-ազգանուն: Նրանց մասով ճանաչման գործընթացն այլ է, մենք ու պաշպանության նախարարության մեր գործընկերները զբաղվում ենք»,- նշեց Թորոսյանը:

Վիրավորների մեծ մասը միջին ու թեթեւ ծանրության են, կան նաեւ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներ, որոնք պահանջում են առավել ուշադրություն, հենց նրանց է ուղղված բժշկական ծառայությունների անձնակազմի ամենամեծ ուշադրությունը, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա:

Նա անդրադարձավ այս օրերին բժշկական ծառայությունների աշխատանքին: Շատ կարեւոր է քաղաքացիական բնակչության համար բժշկական ծառայությունների անխափան աշխատանքը, որը, ըստ նրա, գրեթե անհնար է դառնում նման ռմբակոծության արդյունքում:

Ընդգծեց, որ ինքը, օրինակ, ամբողջ օրը տարբեր թաքստոցներում լինելով, հասկացել է, որ օդային տագնապը միգուցե չավարտվի, իսկ ինքը պետք է տեղաշարժվի: Ստիպված է եղել տեղաշարժվել օդային տագնապի պայմաններում՝ վտանգելով իր ու գործընկերների կյանքը: Նույնը, ըստ նախարարի, տեղի է ունենում բոլոր ծառայությունների ժամանակ: Շտապօգնության մեքենան մարդուն, ի դեպ, ոչ միայն վիրավոր, այլեւ, օրինակ, սրտամկանի ինֆարկտով, տեղափոխում է այլ հիվանդանոց ու կարող է հարված ստանալ բալիստիկ հրթիռից, հրետանուց, թռչող սարքից, ինչը դատապարտելի ու անընդունելի է համարում:

Թորոսյանը թեեւ հստակ տեղեկատվություն չունի, սակայն կարծում է, որ թշնամին կարող է նաեւ հիվանդանոցներին, հոսպիտալին հարվածել: Ոչ միայն այս պահին, այլեւ ընդհանրապես Արցախի Հանրապետությունում գտնվող բոլոր հիվանդանոցների ծառայությունները կազմակերպելու համար ունեն պահեստային պլաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին