Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նոր հայտարարություն են տարածել Ղարաբաղի վերաբերյալ

06 Հոկտեմբեր, 2020 00:01
Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նոր հայտարարություն են տարածել Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ԱԳՆ ղեկավարները եռակողմ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, փաստաթուղթը հրապարակվել է ԱԳՆ կայքում:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լե Դրիանը և Մայք Պոմպեոն «խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրանից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր սրումը»:

«Վերջին հարձակումները, երբ, ենթադրաբար, թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ, ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունը, տարածաշրջանում կայունության համար անընդունելի սպառնալիք են հանդիսանում»,- ընդգծել են փաստաթղթի հեղինակները:

 

Հղում անելով երեք երկրների ղեկավարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությանը, նախարարները կրկին կողմերին անհապաղ ու անվերապահորեն կրակի դադարեցման կոչ են արել:

Ընդգծվում է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները կշարունակեն ընդլայնել փոխգործակցությունը հակամարտող կողմերի հետ և կոչ անել նրանց հիմնարար սկզբունքների և միջազգային փաստաթղթերի հիման վրա խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորություններ ստանձնել:

Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարները հակամարտող կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական բախումները, պարտավորվել առանց նախապայմանների բանակցություններ սկսել, դատապարտել են սրացումը, ինչպես նաև ցավակցություն են հայտնել զոհվածների և վիրավորների հարազատներին:

 

Լրահոս

Դիտել ավելին