Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

05 Հոկտեմբեր, 2020 21:40
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 5-ին պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ, որում ակտիվ կերպով ներգրավվել են նաև վարձկաններ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից: 

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակում, նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս իր ստանձնած հիմնական հանձնառությունը՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։

Մասիս Մայիլյանը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված իր ստանձնած պարտավորությունները կոպտորեն և զանգվածային կերպով խախտելու փաստերի մասին: Նամակում ասվում է, որ Թուրքիան հավասարապես պատասխանատու է Եվրոպայի խորհրդի տարածքում նոր ռազմական առճակատումը նախաձեռնելու և թեժացնելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ հավաքագրելու և Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան ուղարկելու համար։  

Մասիս Մայիլյանը Եվրոպայի խորհրդին կոչ է անում կիրառել իր բոլոր հնարավորությունները՝ անհապաղ դադարեցնելու Եվրոպայի խորհրդի իրավազորության տարածքում Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող՝ որևէ արդարացում չունեցող բռնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և շարունակվող պատերազմական հանցագործությունները: 

 

Լրահոս

Դիտել ավելին