Կարևոր իրադարձություններ

Լեհաստանի խորհրդարանի մեկ ամսվա աշխատավարձը կուղղվի ԼՂ հակամարտության գոտում գտնվող կարիքավոր մարդկանց օգնությանը. լեհ պատգամավոր

05 Հոկտեմբեր, 2020 21:22
Լեհաստանի խորհրդարանի մեկ ամսվա աշխատավարձը կուղղվի ԼՂ հակամարտության գոտում գտնվող կարիքավոր մարդկանց օգնությանը. լեհ պատգամավոր

Լեհաստանի խորհրդարանի (Սեյմ) պատգամավոր Մարթա Կուբիակը հայտնել է, որ երկրի խորհրդարանի մեկ ամսվա աշխատավարձը կուղղվի ղարաբաղյան հակամարտության գոտում հարձակումների ենթարկվող մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն:

 

«Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և ադրբեջանական շարունակական հարձակումները, այդ թվում և քաղաքացիական խմբերի վրա, որտեղ նաև փոքր լեհական համայնք է ապրում, որպես արտասահմանում բնակվող լեհերի հետ կապի հարցերով հանձնաժողովի անդամ, պարտավորվում եմ նվիրաբերել Լեհաստանի խորհրդարանի սեպտեմբեր ամսվա աշխատավարձը առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, որոնք կհասնի մարտերի գոտում գտնվող կարիքավոր մարդկանց»,- գրել է լեհ պատգամավորը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

 

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 

Լրահոս

Դիտել ավելին