Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

05 Հոկտեմբեր, 2020 18:25
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

ԱԳ նախարարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին: Այս առնչությամբ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջը իրազեկել է Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաքի և խոշոր բնակավայրերի, քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքների միտումնավոր հրետակոծման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցվող գործողությունները։ 

ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններում Թուրքիայի աջակցությամբ Մերձավոր Արևելքից Ադրբեջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածության առնչությամբ, ինչը հանգեցնում է  տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։

Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: 

 

Լրահոս

Դիտել ավելին