Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղում հին էթնիկական հակամարտության նոր վտանգները. «Նյու Յորք թայմս»

04 Հոկտեմբեր, 2020 00:25
Լեռնային Ղարաբաղում հին էթնիկական հակամարտության նոր վտանգները. «Նյու Յորք թայմս»

«Ամերիկայի Ձայն»-ը գրում է․

Ամերիկյան «Նյու Յորք թայմս» օրաթերթն, այսօր, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողություններին, ու որոշ մանրամասնություններ հայտնելով օրվա իրադարձությունների ու հակամարտության պատմության մասին, նշում է, որ այժմ կա նախկինի համեմատ մի հստակ տարբերություն` ավանդաբար ռուսական ազդեցության գոտում իր էթնիկ թուրք դաշնակիցների` ադրբեջանցիների նկատմամբ Թուրքիայի աջակցությունը:

Թերթը գրում է, որ այս մարտերը սկսվեցին այն ժամանակ, երբ Թուրքիան «աստիճանաբար ավելի մեծ մկան» է ցուցադրում Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, եւ ավելի վտանգում տարածաշրջանի անվտանգությունը: «Կորոնավիրուսի համաճարակի պատճառով միջազգային միջնորդները բաց թողեցին ամռան ընթացքում այստեղ արդեն իսկ կուտակվող լարվածությունից բխող ազդանշանները գնահատելու կարեւորությունը», գրում է թերթը` վկայակոչելով վերլուծաբանների տեսակետները:

Իր ընթերցողներին «Նյու Յորք թայմս»-ը հիշեցնում է պատմության այն հատվածը, երբ անկախություն հռչակելուց հետո հայկական անկլավը կանգնեց պատերազմական պայմաններում կործանման եզրին, սակայն իր մարտիկների ջանքերով կարողացավ հաղթական մի շարք գործողությունների արդյունքում գրավել Ադրբեջանի ընդարձակ տարածքներ:

«Լարվածությունը մեղմելու հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նախկին համագործակցությունը սակայն սկսեց մարել, երբ երկու երկրներն ավելի ընդգծված կերպով արտահայտեցին Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հեռացումից հետո իրենց դիրքերն ամրապնդելու մտադրությունները:

Երեք երկրների միջեւ հարաբերություններն ավելի բարդացան: Թուրքիային հաջողվեց ԱՄՆ-ից երես թեքել` Ռուսաստանից հակաօդային պաշտպանական համակարգեր գնելով եւ, Ուկրաինային վնասելու եղանակով, գազի խողովակաշարի շուրջ Մոսկվայի հետ գործարք կնքելով:

«Սակայն Թուրքիան միեւնույն ժամանակ Մոսկվայի դեմ մղում է պրոքսի պատերազմներ Սիրիայում ու Լիբիայում: Իսկ հուլիս-օգոստոս ամիսներին զորք ու սարքավորումներ տեղակայեց Ադրբեջանում», գրում է թերթը ու իր ընթերցողներին տեղեկացնում թուրքական F-16 մակնիշի կործանիչի կողմից հայկական ռազմաօդանավը խոցելու փաստի մասին:

Չնայած Ռուսաստանի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովն այս շաբաթ, առաջին անգամը լինելով, բարձրացրեց, որպես խաղաղապահ ջանք, ռուսական ռազմական միջամտության հարցը, Կրեմլի եւ արտաքին գերատեսչության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ հանդես եկան բանակցությունների եղանակով հրադարար հաստատելու հայտարարություններով:

Թերթը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղության բանակցություններ անցկացնեու ԱՄՆ-ի վերջին ամենամեծ աշխատանքն իրականացվել է 20 տարի առաջ, երբ կողմերին այն հրավիրեց բանակցությունների սեղանի շուրջ նստել Ֆլորիդա նահանգում: Սակայն հարցը դուրս եկավ ԱՄՆ-ի օրակարգից 2001 թվականի սեպտեմբերյան ահաբեկչական գործողություններից հետո:

«Միջնորդներն այնուհետեւ առաջ քաշեցին տարածքներ, այդ թվում 1990-ականներին Ադրբեջանի կորցրած տարածքները փոխանակելու առաջարկը, ինչը մերժում ստացավ երկու կողմերից», գրում է թերթը, ու նկատի ունենալով ճակատային գծում առկա իրավիճակը գնահատելու արդյունքում վերլուծաբանների կարծիքը, եզրափակում. ‘’Ներկա բախումներն ավարտելու համար շատ ավելի լավ կլիներ դեպի երկու շաբաթ առաջ առկա ստատուս քվոյին վերադառնալը, քան այդ բախումների մեջ Թուրքիային ու Ռուսաստանին ներքաշելը»:

 

Լրահոս

Դիտել ավելին