Կարևոր իրադարձություններ

«Արցախի և Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիան և Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը» խորագրով քննարկում Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում

02 Հոկտեմբեր, 2020 14:34
«Արցախի և Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիան և Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը» խորագրով քննարկում Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում

Արցախի և Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիան և Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը” խորագրով քննարկում Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում

Հոկտեմբերի 1-ին Վիեննայում կայացած #ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում #Հայաստանի նախաձեռնությամբ “Ընթացիկ խնդիրներ” կետի ներքո ներառվեց ““#Արցախի և Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիան և Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը” վերտառությամբ հարցը։

ԵԱՀԿ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում մասնակից երկրներին տեղեկացրեց վերջին օրերի ընթացքում հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումների մասին։ Մասնավորապես նշեց, որ ադրբեջանական հարձակումը շարունակվում է՝ օգտագործելով ծանր սպառազինությունների լայն տեսականի, ներառյալ մեծ տրամաչափի հրետանի, տարբեր տրամաչափի հրթիռային կայաններ, ռազմական օդուժ, այդ թվում և ԱԹՍ-ներ, որոնք թիրախավորում են բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ պատճառելով մարդկային կարուստներ և նյութական վնաս։

Դեսպան Պապիկյանն այնուհետև նշեց, որ սեպտեմբերի 27-ից հետո միջազգային արձագանքը, այդ թվում և ՄԱԿ-ի Անվտանգոթյան խորհրդում քննարկումների արդյունքում տարածած հաղորդագրությունը վերջ են դնում Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտության համատեքստում Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառման օրինականության մասին վերջիիս անհիմն պնդումներին։ Ավելին՝ միջազգային արձագանքը վկայում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ իրենց անօրինական գործողությունների համար միջազգային աջակցություն ապահովելու ջանքերը տապալվել են։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սեպտեմբերի 30-ին արված հայտարարությանը՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Ալիևի հայտարարությունը վկայում է նրա մասին, որ Ադրբեջանի վերջնական նպատակը Արցախի հայաթափումն է՝ ի շարունակություն 1988թ-ից իրականացված էթնիկ զտումների։ Հայաստանի դեսպանն այս առումով շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր միջոցները, այդ թվում և քաղաքական՝ ամրագրելու համար Արցախի կարգավիճակը և անվտանգությունը։

Այնուհետև դեսպան Պապիկյանը նշեց, որ վերջին օրերին էլ ավելի ակընհայտ է դարձել Թուրքիայի ուղղակի ներգրավվածության փաստը։ Ըստ դեսպանի, ռազմական գործողությունների հրամանատարական-վերահսկողական գործառույթներն իրականացվում են թուրք սպաերի և մասնագետների, ներառյալ Թուրքիայի ՊՆ բարձրաստիճան զինվորականների կողմից։ Այս համատեքստում դեսպանն անդրադարձավ նաև թուրքական ռազմական օդուժին պատկանող F16 կործանիչների կողմից դեռևս մինչև սեպտեմբերի 27-ը Հայաստանի և Արցախի սահմանների մոտ սադրիչ թռիչքներին, ինչպես նաև հայկական Սու25 օդանավը խոցելու դեպքին և Արցախի վրա օդային հարձակումների կառավարումը թուրքական հեռավար հրամանատարական կետից, որը գտնվում է Էրզրում-Ղարս հատվածում։

Իր ելույթում դեսպան Պապիկյանը նշեց նաև Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից զինյալ գրոհայիններին վարձակալելու և Ադրբեջան տեղափոխելու մասին, նշելով, որ սա այլևս մի փաստ է, որը հերքում են միայն Թուրքիան և Ադրբեջանը։ Ադրբեջանն այսօր այլևս վերածվել է Թուրքիայի գործիքի, որի միջոցով այն ապակայունացնում է ամբողջ տարածաշրջանը։ Դեսպան Պապիկյանը ավելացրեց, որ Սիրիայից և Լիբիայից զինյալ գրոհայինների տեղափոխումը ղարաբաղյան հակամարտության գոտի երկար գնացող նպատակներ է հետապնդում և կործանիչ հետևանքներ է ունենալու Հարավային Կովկասի անվտանգության և կայունության առումով։ Դեսպանի խոսքով, ահաբեկիչների, իսլամական արմատականների և ջիհադիստական շարժումների միջոցով Թուրքիան իր շահերն ու ազդեցությունն է փորձում տարածել հարևան տարածաշրջաններում։ Հայաստանի մշտական ներկայացուցիչն այս համատեքստում շեշտեց, որ այս հեռանկարը մտահոգիչ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև սպառնալիք տարածաշրջանի և հարևանության բոլոր երկրների անվտանգությանը և կայունությանը։

Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ անկախ Արցախի Հանրապետությունը դա իրաղոթյուն է, որը հնարավոր չէ ոչ հերքել և ոչ էլ անտեսել։ Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը որպես միջազգային իրավունքի սկզբունք ամրագրված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը ճանաչվել է որպես հիմնարար պայման մարդու այլ հիմնարար՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական թե մշակութային իրավունքների և ազատությունների ապահովման և հարգման համար։

Հայաստանի դեսպանը հույս է հայտնել որ ԵԱՀԿ մասնակից երկրները կվերահաստատեն իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությունում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանն առնչվող միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ հայտարարագրում, ինչպես նաև Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված նպատակներին և սկզբունքներին։ Դեսպան Պապիկյանը այս առումով շեշտեց, որ միջազգային իրավունքի սկզբունքների հանդեպ ընտրովի մոտեցումը, դրանց դասակարգումը չեն նպաստում երկխոսությանը և վստահության վերականգնման համար անհրաժեշտ համագործակցային և կառուցողական մթնոլորտի ձևավորմանը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին