Կարևոր իրադարձություններ

Եթե Թուրքիան շարունակի աջակցել կողմերից մեկին, դա կբերի նրան, որ Ադրբեջանը ցանկություն կունենա բոլոր հարցերն ուժի միջոցով լուծել. ՌԴ պետդումայի պատգամավոր

01 Հոկտեմբեր, 2020 16:28
Եթե Թուրքիան շարունակի աջակցել կողմերից մեկին, դա կբերի նրան, որ Ադրբեջանը ցանկություն կունենա բոլոր հարցերն ուժի միջոցով լուծել. ՌԴ պետդումայի պատգամավոր

Ռուսաստանի Դումայի պատգամավոր, Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անտոն Մորոզով խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ  իրավիճակը շատ է լարվել, և Ռուսաստանն  այն պետություններից է, որը ամենաշատն է հետաքրքրված, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, որ մարդկային կորուստներ չլինեն:

 

Նա Tert.am–ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառնալով այս օրերին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ պատերազմին:

«Մենք հարցը քննարկել ենք մեր հանձնաժողովում և եկել ենք եզրակացության, որ մեր արտաքին գործերի նախարարությունը պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրի, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասաց նա:

 

Ըստ նրա`իրենք մեծ հույսեր են կապում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ: «Դեռևս որոշումներ չկան: Դեռ կարծիքների փոխանակում է եղել: Երևի թե կոնսենսուսի չեն եկել որոշում ընդունելու համար: Կարծում եմ`աշխատանքները կշարունակվեն, կընդունվի մեխանիզմ, անգամ այն մասին, որ Ղարաբաղը համարվի դեէսկալացիոն գոտի, և հնարավոր է՝ այնտեղ ապահովել խաղաղապահ ուժեր` ռուսական, կամ ՄԱԿ-ի այլ խաղաղապահ ուժեր»,-ասաց նա` նշելով, որ կարծում է, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետք է այս օրերին լավ աշխատի, իրենք կոչ են արել բոլորին ավելի ակտիվ աշխատել:

Դիտարկմանը, թե ինչ է կարծում Թուրքիայի` հակամարտությունում ներգրավվածության մասին, ռուսաստանցի պատգամավորը պատասխանեց, որ միջազգային հանրությունը, նաև Թուրքիան չպետք է կանգնեն կողմերից որևէ մեկի կողքին:

«Եթե Թուրքիան շարունակի աջակցել կողմերից մեկին, դա կբերի նրան, որ Ադրբեջանի մոտ ցանկություն կառաջանա բոլոր հարցերը ուժի միջոցով լուծել, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջին երեսունամյա պատմությունը ցույց է տվել, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի:

Իմ կարծիքով` խնդրի լուծումը երկկողմանի համաձայնագիրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանն էլ կաջակցի: Պետք է նման մի մեխանիզմ մշակել, որ խաղաղություն լինի: Կարծում եմ`մենք դրա համար ունենք և՛ քաղաքական, և՛ տնտեսական պայմաններ»,- ասաց նա:

Հայաստանին, ըստ ռուս պատգամավորի, Ռուսաստանը մենակ չի թողնի, բայց պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի հետ էլ Ռուսաստանի հարաբերությունները լավ են: «Մենք ուզում ենք այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ երկընտրանքի առջև չկանգնենք, թե ում ենք աջակցում: Մենք խաղաղության կողմնակիցն ենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 

Լրահոս

Դիտել ավելին