Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան

30 Սեպտեմբեր, 2020 16:56
ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին եւ Թուրքիային՝ ազատ եւ անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաեւ դեպի Հայաստան:

«Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիեւի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու եւ Թուրքիայի դեմ լայն ռազմական եւ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար»,-ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:

Հարձակումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ իր աջակիցները ավելի քան 100 000 նամակ են ուղարկել Սպիտակ տուն, մասնավորապես, հորդորելով դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժել ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիային:

Ստորեւ ներկայացնում ենք հայկական կողմին քաջալերող եւ աջակցող Կոնգրեսականների հայտարարությունները, միաժամանակ փաստելով, որ մինչ օրս ամերիկյան որեւէ օրենսդիր չի պաշտպանել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին:

Ռոբերտ Մենենդեզ, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

«Ես խստորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը՝ ագրեսիայի եւս մեկ այլ գործողություն, որն աջակցվում է Թուրքիայի կողմից: Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության աջակցությունը Ադրբեջանին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ներգրավվի հրադադարի ռեժիմի հաստատման խնդրում»:

ԱՄՆ Սենատոր Էդ Մըրքի

«Ես սատարում եմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Թուրքիան ռազմական օգնությամբ եւ սադրիչ հայտարարություններով աջակցում է Ադրբեջանին Հայաստանի դեմ։ Դրանք խաթարում են միջնորդական ջանքերը: ԱՄՆ-ը պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»:

Սենատոր Ջեք Ռիդ, Սենատի Զինված ուժերի հանձնաժողով

«Հայերն իրավունք ունեն պաշտպանվելու, երբ նրանք ենթարկվում են հարձակման:  Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի եւ հայկական զորքերի միջեւ ծանր մարտերի սրմամբ: Ես զսպվածության եւ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կոչ եմ անում ՝ կանխելու քաղաքացիական անձանց հետագա վնասները: Նախագահ Թրամփը պետք է հետամուտ լինի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը եւ հնարավոր դարձնի վեճի խաղաղ կարգավորումը: Բացի այդ, տարածաշրջանի բոլոր երկրները պետք է աշխատեն այս ճգնաժամը մեղմելու ուղղությամբ եւ չփորձեն բորբոքել լարվածությունը»:

ԱՄՆ Սենատոր Քորի Բուքեր

«Հուլիսին սենատոր Մենենդեզը եւ ես կոչ արեցինք Թրամփի վարչակազմին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, եւ ես կրկին կոչ եմ անում վարչակազմին դադարեցնել այդ օգնությունը: Թուրքիան խրախուսում եւ հնարավորություն է տալիս տարածաշրջանում այս բռնություններին, այն պետք է դադարեցվի»:

ԱՄՆ կոնգրեսական Դոն Բեյեր

«Եթե իրականում տարածված են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից խոցվել է հայկական գրոհիչ, ապա դա վտանգավոր սրացում է: ԱՄՆ-ն մեր ուժերի ներածին չափով պետք է ամեն ինչ անի բռնությունները դադարեցնելու համար: Մենք պետք է դեմ լինենք Լեռնային Ղարաբաղում ագրեսիվ միջոցառումներին եւ խաղաղություն հաստատենք »:

ԱՄՆ կոնգրեսական Թոնի Քարդենաս

«Ես սատարում եմ Հայաստանի ժողովրդին` հաշվի առնելով վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի երկայնքով ձեռնարկված ագրեսիայի գործողությունները: Այս անիմաստ բռնությունը վտանգի տակ է դնում անմեղ քաղաքացիական անձանց կյանքը: Պետք է ձեռնարկվեն դեէսկալացիոն քայլեր ՝ կյանքի հետագա կորուստները կանխելու համար: Ես կոչ եմ անում նվիրվել դիվանագիտական մոտեցմանը` հետագա ցանկացած բռնություն կանխելու համար»:

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չու

«Ժամանակն է, որ ԱՄՆ-ը դադարեցնի հայերի դեմ Ադրբեջանի բռնության ֆինանսավորումը: Կիրակի օրը վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա հարձակումը պարզապես վերջին դեպքն էր այս տարվա ամռանն ադրբեջանական անկանխատեսելի ագրեսիայի, որն այժմ հանգեցրել է առնվազն 30 զոհի եւ ավելի քան 100 վիրավորի: Իմ սիրտը կոտրվում է այս հարձակումներից ահաբեկված Լեռնային Ղարաբաղի անմեղ ժողովրդի համար, եւ հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Բայց ԱՄՆ-ը կարող է շատ ավելին անել, քան պարզապես կողքից դիտելը: Մենք ունենք դերակատարություն այս հակամարտության դադարեցման գործում: «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի անվտանգության աջակցությունը Ադրբեջանին, քանի դեռ նրանք չեն համաձայնվել հրադադարի հաստատմանը եւ չեն պարտավորվում պահպանել այն: Այս նախագահի օրոք ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող օգնությունը 2016-2017 թվականների մոտ 3 միլիոն դոլարից 2018-2019-ին հասել է մոտ 100 միլիոն դոլարի: Ֆինանսավորման այս ահռելի չափաբաժինը հնարավորություն տվեց Ադրբեջանին ազատել այլ ռեսուրսներ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վրա հարձակվելու համար, ինչպես բազմիցս տեսել ենք այս ամառ: Այդ է պատճառը, որ բացի Ադրբեջանին անվտանգության օգնության դադարեցման կոչից, ես նաեւ FY2020 House-ի կողմից ընդունված Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում (NDAA) ներառեցի առաջարկներ, ներառյալ կրակոցների ֆիքսման հնարավորություն, միջազգային դիտորդների աճ եւ շփման գծի երկայնքով դիպուկահարների, ծանր զենքերի եւ նոր սպառազինությունների տեղակայման բացառում: Ի մեծ հիասթափությունս, այնուամենայնիվ, Սենատը հեռացրեց այս առաջարկները, եւ այժմ մենք տեսնում ենք դրա հետեւանքները: Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, ի վիճակի է հարձակվել ինչպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա, այնպես էլ մերժել իրենց սեփական պատասխանատվությունը: Այս ագրեսիան չի կարող շարունակվել: ԱՄՆ-ը պետք է անհապաղ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, մեր Պետդեպարտամենտը պետք է քայլեր ձեռնարկի ՝ կյանքեր փրկելու համար ՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել հարձակումն ու ուժի կիրառումը, ինչպես նաեւ պետք է նախազգուշացնի Թուրքիային՝ զենք կամ մարտիկներ չուղարկել Ադրբեջանի ագրեսիային նպաստելու համար»:

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Քիքիլին

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը օդ-երկիր հրթիռային հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սա Հայաստանի հյուսիսային սահմանի նկատմամբ 2020-ի հուլիսին սկսված ագրեսիայի շարունակությունն է, երբ Ադրբեջանի իշխանությունները սպառնացին հրթիռակոծել Հայաստանում՝ Երեւանի մերձակայքում գտնվող Մեծամորի ատոմակայանը: Այս առավոտյան հարձակումը հերթական անգամ ցույց է տալիս Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ անտեսումը: Թուրքիայի նախագահի եւ Պաշտպանության նախարարի վերջին գործողությունները՝ կապված ադրբեջանցի զինվորներին նահատակ անվանելու հետ, կրոնական եւ ազգայնական արտահայտություններով խոսելով այն աջակցության մասին, որը Անկարան կարող է տալ եւ զգուշացնել Հայաստանին ՝ «կրակի հետ չխաղալ», անհանգստացնող են: Ես խստորեն դատապարտում եմ հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների բազմակի սրումը»:

ԱՄՆ կոնգրեսական Քաթերինե Քլարկ

«Ադրբեջանի անդրդվելի եւ շարունակական հարձակումները Արցախի վրա դատապարտելի են եւ պետք է դատապարտվեն ամենախիստ արտահայտությամբ: Այս ագրեսիայի գործողություններն արդեն կյանքեր են խլել եւ տեղի են ունեցել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը խախտելուց ընդամենը երկու ամիս անց: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին հատկացվող բոլոր ռազմական օգնությունները եւ Մինսկի խմբի մյուս անդամների հետ աշխատի խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար»։

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստա

«Ադրբեջանը հասկացրեց, որ չի հարգում հրադադարի մասին համաձայնագիրը, քանի որ շարունակում է բռնությունն ընտրել՝ խաղաղության ուղղությամբ առաջընթացի փոխարեն: Ադրբեջանը շարունակում է վառել այս կրակը ՝ չճանաչելով Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մինչդեռ Թուրքիան օգնում է Ադրբեջանին՝ թույլ տալով այդ ագրեսիան: Ես դատապարտում եմ Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունները եւ պատրաստ եմ աջակցել հայ ժողովրդին: Ես բոլոր կողմերին կոչ եմ անում վերադառնալ բանակցությունների սեղան ՝ խաղաղ լուծման հասնելու համար»:

ԱՄՆ կոնգրեսական Թ․Ջ․ Քոքս

«Արցախի մայրաքաղաքի վրա Ադրբեջանի անհիմն հարձակումներն արդեն կյանքեր են խլել: Այս ագրեսիան եւս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը: Մենք պետք է համերաշխ լինենք Արցախի հայ համայնքներին եւ ամենախիստ կերպով դատապարտենք Ադրբեջանի թշնամանքը »:

ԱՄՆ կոնգրեսական Ջեյս Քրոու

«Ես դատապարտում եմ ադրբեջանական հարձակումները Արցախի վրա եւ կոչ անում անհապաղ դադարեցնել բռնությունները: Բացի այդ, Թուրքիան պետք է դադարեցնի ադրբեջանական հարձակման բոլոր աջակցություններն ու հնարավորությունները: ԱՄՆ-ը պետք է աշխատի Մինսկի խմբի մեր գործընկերների հետ`հրադադար հաստատելու համար, որն ապահովում է տարածաշրջանում կայուն խաղաղություն։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Էլիոթ Էնգել, Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

«Ես խորապես մտահոգված եւ անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում սրվող բռնություններով եւ մարդկային ողբերգական կորուստներով: Ես կոչ եմ անում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին հստակ քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու, ռազմական գործողությունները դադարեցնելու եւ շփման գծի տարածքը զավթելուց զերծ պահելու համար: Յուրաքանչյուր երկիր պետք է վերահաստատի իր նվիրվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին: Երկխոսությունը, ոչ թե բռնությունը, տարածաշրջանում համապարփակ եւ կայուն խաղաղություն հաստատելու միակ միջոցն է: Բացի այդ, մտահոգիչ է արտաքին գործող դերակատարների ազդեցությունը, ինչպիսին է Թուրքիան, անխոհեմ խառնվելով հակամարտությանը: Միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա խաղաղ գործընթացին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները չպետք է հանդուրժեն, որ Թուրքիան խաթարի խաղաղ գործընթացը եւ բորբոքի հակամարտությունը, որը արդեն զարգանում է դեպի կտրուկ սրացում»:

ԱՄՆ կոնգրեսական Ջոշ Գոթեյմեր

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումները տարածաշրջանում: Ադրբեջանը պետք է պատասխան տա իր ագրեսիվ գործողությունների համար, որոնք խաթարում են խաղաղությունը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ը պետք է առաջ գնա հրադադարի ռեժիմի ձեւավորման եւ հակամարտության կանխման գործում՝ մինչ այս վտանգավոր իրավիճակի հետագա սրումը»։

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Լանգեվին

«Հաղորդվում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ուժերը հարձակումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղում: Զարգացումները մտահոգիչ են, քանի որ դրանք սպառնում են տարածաշրջանում կայունությանը: Ես կոչ եմ անում դադարեցնել հարձակողական գործողությունները, որոնք վտանգում են խաղաղ բնակիչներին, եւ դուրս բերել ադրբեջանական ուժերը»:

ԱՄՆ կոնգրեսական Բրենդա Լոուրենս

«Ես խորապես անհանգստացած եմ ռազմական գործողությունների բռնկմամբ եւ Լեռնային Ղարաբաղում մարդկային ողբերգական կորուստներով: Պետք է ձեռնարկվեն կոնկրետ քայլեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի սրումը կանխելու եւ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ: Այս հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե բռնության, այլ երկխոսության միջոցով»:

ԱՄՆ կոնգրեսական Սյուզի Լի

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումները Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանը պետք է լիցքաթափի իրավիճակը եւ վերականգնի հրադադարի ռեժիմը: Եվ ամենակարեւորը, ԱՄՆ-ը պետք է աշխատի Ադրբեջանի եւ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար»:

ԱՄՆ կոնգրեսական Քարոլին Մալոնի

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա: Անհրաժեշտ է, որ Թրամփի վարչակազմը դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին եւ աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Բաքվին խաղաղության սեղանի շուրջ վերադարձնելու համար»:

ԱՄՆ կոնգրեսական Դեվին Նյունս, Կոնգրեսի հետաքննության հանձնաժողով

«Հայերը վաղուց Լեռնային Ղարաբաղում են, հազարավոր տարիներ ի վեր: Ադրբեջանցիները հավակնություններ ունեն դրա նկատմամբ. կարծում եմ, որ այս տարածաշրջանի մասին մարդկանց մեծ մասը գիտի, որ Արեւմտյան Հայաստանը չկա, այժմ Թուրքիայի մի մասն է, եւ սա այն փոքր տարածքներից մեկն է, որը գտնվում է Հայաստանի արեւելյան կողմում: Հայաստանը երկար տարիներ հակամարտության մեջ է, եւ հանգստյան օրերին թուրքերը, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցն են, ադրբեջանցիներին եւ հայերին բախման մեջ են ներքաշել»:

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանք Փալոն, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ

«Ամիսներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելացրել են իրենց մարտական հռետորաբանության եւ սադրիչ գործողությունների օգտագործումը Արցախի եւ Հայաստանի նկատմամբ: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հետեւողականորեն կոչ է անում՝ Պետդեպարտամենտի կողմից վճռական քայլեր ձեռնարկել այս վտանգավոր իրավիճակն կանխելու համար եւ ագրեսորներին` Ադրբեջանին եւ Թուրքիային, պատասխանատվության ենթարկելու՝ իրենց ապակայունացնող գործողությունների համար: Միացյալ Նահանգները կարեւոր դեր ունի այս բռնությունը կասեցնելու գործում, եւ մենք պետք է արագ եւ վճռականորեն գործենք՝ կասեցնելու համար ագրեսիայի ռազմատենչ ցուցադրումը եւ ագրեսորներին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային, պատասխանատվության ենթարկելու իրենց ապակայունացնող գործողությունների համար»:

ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչես, Հետաքննության հանձնաժողովի նախագահ

«Մեկ գիշերվա ընթացքում Ադրբեջանն անցավ վերջին տարիների ամենամեծ գրոհին Արցախի վրա, եւ վաղ տեղեկությունները վկայում են, որ զգալի զոհեր են եղել: Միացյալ Նահանգները պետք է շտապ աշխատի Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ խաղաղությունը վերականգնելու եւ հետագա սրացումները կանխելու համար, որոնք ավելի շատ կյանքեր կվտանգեն: Այս հարձակումը տեղի է ունենում միջազգային սահմանի երկայնքով՝ Հայաստանի հետ լուրջ ռազմական բախումներից մի քանի ամիս անց: Ես օրենսդրական առաջարկություն եմ ներկայացրել, ինչն ԱՄՆ հետախուզական մարմիններից կպահանջի գնահատել, թե ով է նախաձեռնել այս եւ այլ փոխհրաձգությունները, ինչը անհրաժեշտ քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»:

ԱՄՆ կոնգրեսական Բռեդ Շերման

«Իմ ընտանիքի եւ կրոնակիցների համար անհանգստացած եմ՝ կապված վերջերս Արցախի վրա ադրբեջանական հարձակումների հետ: Մենք պետք է դատապարտենք այս ագրեսիան եւ հորդորենք Բաքվին դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները եւ վերադառնալ խաղաղության սեղան: Մենք պետք է դադարեցնենք ռազմական օգնությունը Ադրբեջանին եւ հորդորենք Թուրքիային՝ ձեռնպահ մնալ զենք կամ մարտիկներ ուղարկելուց»:

ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուս

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա եւ Թուրքիայի աջակցությունն այս ագրեսիային: ԱՄՆ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը եւ հորդորի Թուրքիային դադարեցնել զենք ու մարտիկներ ուղարկել Ադրբեջան»։

ԱՄՆ կոնգրեսական Լորի Թրահան

«Լեռնային Ղարաբաղի տարածքում երեք օր անընդմեջ ադրբեջանական ագրեսիայի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են: Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան բորբոքում է այս հակամարտության բոցը, որն արդեն տասնյակ մարդկանց կյանքեր է խլել եւ հարյուրավոր մարդկանց վտանգել, վրդովեցնում է: Պետդեպարտամենտը պետք է լուրջ միջամտություն ունենա՝ կյանքեր փրկելու համար եւ անմիջապես վերջ տալու բռնություններին»:

 

Լրահոս

Դիտել ավելին