Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    575,5
    587,5

  • RUB

    6,25
    6,5

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն Ադրբեջանի հրահրած պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

30 Սեպտեմբեր, 2020 17:15
Արմեն Սարգսյանն Ադրբեջանի հրահրած պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր, Զույգ Սրբավայրերի Պահապան Սալման բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին:

Նամակներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները՝ նշելով, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է նաև քաղաքացիական բնակչությանը:

«Ցավոք, Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումն Արցախի և Հայաստանի դեմ նոր երևույթ չէ. ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական միջոցներով և արմատախիլ անել հայ բնակչությանը սեփական հայրենիքից»,- նշել է Հանրապետության նախագահը:

Վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով և նմանօրինակ փորձ է արել հուլիսին: Դժբախտաբար, այս կանխատեսելի զարգացումը չի կանխվել կամ խոչընդոտվել միջազգային հանրության կողմից: Վերջին հարձակումը ոչ միայն զրոյացրել է խաղաղության շուրջ տարվող բանակցությունները, մեծապես վնասել խաղաղության ողջ գործընթացը, այլև մեծ սպառնալիք է դարձել ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Արմեն Սարգսյանը մտահոգություն է հայտնել այս օրերին Թուրքիայի ղեկավարության հռետորաբանության առնչությամբ՝ ընդգծելով, որ թուրքական կողմը փորձում է հակամարտությունն օգտագործել սեփական շահերն առաջ տանելու նպատակով:

Հայաստանի նախագահը դիմել է Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին՝ խնդրելով օգտագործել միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:

«Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին