Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է ՄԻԵԴ միջպետական գանգատ ներկայացելու հարցը․ Եղիշե Կիրակոսյան

30 Սեպտեմբեր, 2020 12:59
 Քննարկվում է ՄԻԵԴ միջպետական գանգատ ներկայացելու հարցը․ Եղիշե Կիրակոսյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա երեկ կայացրած որոշման բովանդակությունը սպասելի էր մեզ համար՝ հաշվի առնելով այն, որ ՄԻԵԴ դիմել ենք պետության անունից։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Որոշման մեջ և Հայաստանին, և Ադրբեջանին կոչ է արվում զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն կոնվենցիայով նախատեսված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ»,- մանրամասնեց ՄԻԵԴ ներկայացուցիչը։

Նա շարունակեց՝ ՄԻԵԴ որոշման մեջ նաև ասված է, որ կողմերը պետք է հնարավորինս շուտ տեղեկացնեն դատարանին ձեռնարկված միջոցների մասին, որոնք ուղղված են կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ապահովմանը։

«Եզակի դեպք է, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոցի կիրառման որոշում, սա երրորդն է։ Առաջին երկուսը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացրած որոշումներ են», -ասաց նա։

Կիրակոսյանի խոսքով, երկու դեպքերում դատարանը անդրադառնում է երկու կողմերին էլ՝ և  դիմումատուին, և այն երկրին, որի դեմ ներկայացվել է դիմումը։

«Սա կարելի է համարել հաջողություն, քանի որ Հայաստանի ներկայացրած դիմումի հիման վրա է կայացվել, երկրորդ կայացվել է ՀՀ կողմից ներկայացված ապացույցների հիման վրա, երրորդ, դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը լրացուցիչ մեկնաբանություն ու տեղեկատվություն ստանալու համար, որը սովորաբար միջանկյալ միջոցի կիրառման ժամանակ անում են»,- ասաց նա։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը թվարկածը բավարար է համարում եզրակացնելու, որ ՀՀ կողմից ներկայացրած ապացույցներն առավել քան հիմնավոր են։

«Երբ կիրակի մենք դիմումը ներկայացրեցինք դատարան, դրա հաջորդող օրերին ներկայացրել ենք լրացուցիչ ապացույցներ թե քաղաքացիական բնակչության թիրախավորման, թե Հայաստանի Հանրապետության տարածքի ռմբակոծության։ Ապացույցների ներկայացումը շարունակելու ենք»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Բանախոսն ասաց, առաջիկայում Եվրոպական դատարանին կներկայացնեն Հայաստանի կողմից իրականացված միջոցառումները, որոնք, ըստ նրա, ավելի քան բավարար կլինեն, ապա կսպասեն ադրբեջանական կողմի արձագանքին։

«Դրա հիման վրա էլ մենք կներկայացնենք մեր դիրքորոշումներն ու մեկնաբանությունները»,-ասաց նա՝ ավելացնելով, որ միջպետական գանգատ ներկայացելու ու այլ տարբերակների շուրջ քննարկումներ են ընթանում։

 

Լրահոս

Դիտել ավելին