Կարևոր իրադարձություններ

Անցած գիշեր Ադրբեջանի կողմից բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են. Վահրամ Պողոսյան

30 Սեպտեմբեր, 2020 11:01
Անցած գիշեր Ադրբեջանի կողմից բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են. Վահրամ Պողոսյան

Այս գիշեր շփման գծի ամբողջ երկայնքով ընթացել են ինտենսիվ մարտեր, հատկապես հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանի կողմից բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են, և այս պահին Ադրբեջանի բանակը ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ: Հայաստանյան եւ միջազգային լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ  Պողոսյանը:

Պողոսյանն ընդգծեց՝ ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը: «Արդեն սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Պաշտպանության բանակը կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ որոշակի առաջխաղացում, հաջողություններ, և այդ հաջողությունները առ այսօր պահպանվում են: ՊԲ-ն կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն հարձակողական գործողությունները, որը իրականացնում է Ադրբեջանի բանակը»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը տեղեկացրեց նաև, որ Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը: «Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հայտնվել են հարվածային անօդաչու սարքերը, որոնցից երկուսը հաջողությամբ մեր հակաօդային պաշտպանության զորքերը խոցել են»:

Վահրամ Պողոսյանը հավելեց՝ դիմագրավում են այս մարտահրավերին, սակայն շարունակում են խաղաղության կողմնակիցը մնալ: «Արցախի հարցը միանշանակ պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով»:

 

Լրահոս

Դիտել ավելին