Թուրքիան սիրիացի զինյալներ է ուղարկում Ադրբեջան Հայաստանի հետ սրվող պայքարում նրան աջակցելու նպատակով. հաղորդում է Reuters-ը Ստամբուլից: Այդ մասին պատմել են երկու սիրիացի զինյալներ՝ հավելելով որ Անկարան խոստացել է աջակցել իր մահմեդական դաշնակցին:
Երկուշաբթի օրը Մոսկվայում Հայաստանի դեսպանն ասել է, որ Թուրքիան Հյուսիսային Սիրիայից շուրջ 4 հազար մարտիկ է ուղարկել Ադրբեջան, եւ նրանք այնտեղ են կռվում. սա, սակայն, հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնականը:
Հայաստանը նաեւ հայտնել է, որ թուրք ռազմական փորձագետները Լեռնային Ղարաբաղում կռվում էին Ադրբեջանի հետ կողք-կողքի, եւ որ Թուրքիան տրամադրել է անօդաչու թռչող սարքեր եւ ինքնաթիռներ:
Ադրբեջանը հերքել է նաեւ այդ լուրերը, իսկ Թուրքիան չի շտապում մեկնաբանել: Այնուամենայնիվ, Բաքվին աջակցություն են խոստացել Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Թայիփ Էրդողանը, ով արտերկրում ավելի ու ավելի ընդգծված է ցուցադրում Թուրքիայի ռազմական մկանները:
Երկու գրոհայինները, որոնք Սիրիայի՝ Թուրքիայի հսկողության տակ առնված հյուսիսային շրջանների զինված խմբավորումներից են, պատմել են, որ իրենք տեղակայվելու են Ադրբեջանում՝ Անկարայի հետ համաձայնության շրջանակում:
Քանի որ խնդիրը խիստ զգայական էր, նրանք հրաժարվել են անուններ տալ, իսկ Reuters-ը չի կարողացել ստուգել նրանց հաշիվները:
«Ես չէի ուզում գնալ, բայց փող չունեմ: Կյանքը շատ ծանր է եւ թշվառ», - ասել է նրանցից մեկը, որը Սիրիայում կռվել էր Ահրար ալ-Շամի՝ Թուրքիային աջակցող մի խմբի համար:
Տղամարդիկ ասել են, որ իրենց սիրիական գնդի հրամանատարները խոստացել են, որ ամսական կվաստակեն մոտ 1500 ԱՄՆ դոլար՝ դա մեծ աշխատավարձ է Սիրիայի համար, որտեղ տնտեսությունը փլուզվել է, արժույթը՝ անկում ապրել:
Մարտիկներից մեկն ասել է, որ իր պայմանագիրը կնքվել է Աֆրինում Թուրքիայի աջակցությունը վայելով Սիրիական ազգային բանակի (SNA) մի պաշտոնյայի հետ:
Թուրքիայի հովանավորությամբ գործող սիրիացի զինյալների այդ խմբի խոսնակը չի պատասխանել լրատվամիջոցի՝ մեկնաբանություն ստանալու խնդրանքին:
SNA-ի հետ կապված «Ջեյշ ալ-Նուխբա» խմբի զինյալը նշել է, որ իրեն ասել են, որ գրեթե 1000 սիրիացի են պատրաստվում տեղափոխել Ադրբեջան: Այլ ապստամբներ, որոնք նույնպես հրաժարվել են իրենց անունները տալ, եւս նշել են 700-ից 1000 մարտիկների մասին:
Անցյալ շաբաթ Reuters-ի հետ զրուցած երկու տղամարդիկ ասել էին, որ ակնկալում էին, որ իրենց կուղարկեն սեպտեմբերի 25-ին, որպեսզի հսկեն շենքեր-շինություններ, բայց ոչ՝ կռվելու համար: Reuters- ը երկուշաբթի օրը չի կարողացել կապ հաստատել նրանց հետ`ճշտելու համար նրանց գտնվելու վայրը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմաթ Հաջիեւն ասել է, որ «լիովին անհեթեթություն է» լուրը, որ սիրիացի մարտիկները գալիս են օգնելու իր երկրին:
Սակայն հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիան նախատեսում էր մեծացնել իր ազդեցությունը արտերկրում հարեւան Սիրիա եւ Իրաք ներխուժումներով եւ Լիբիայում միջազգայնորեն ճանաչված կառավարությանը ռազմական աջակցություն ցուցաբերելով: