Կարևոր իրադարձություններ

Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ. Աննա Նաղդալյան

28 Սեպտեմբեր, 2020 18:16
Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ. Աննա Նաղդալյան

Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով: Երեկ Արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել իր մոտ 2 տասնյակ գործընկերների հետ, վարչապետը նույնպես իր մակարդակով իրականացրել է հեռախոսազրույցներ միջազգային գործընկերների հետ: Բրիֆինգի ժամանակ ասյ մասին լրագրողներին տեղեկացրեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Վերջինս ընդգծեց, որ այդ հեռախոսազրույցները չպետք է դիտարկել որպես մեկանգամյա գործողություններ: «Դրանք շարունական կապեր են ամբողջ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու թե ՛տեղում տիրող իրադրությունը, թե՛ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանի ապակայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և դրա վտանգները»:

Նաղդալյանը նշեց՝ այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության միանշանակ, անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանում խաղաղության և կայունության, անտանգության խաթարմանն ուղղված ջանքերը: «Բախվելով միջազգային հանրության միանշանակ դիրքորոշմանը՝ ուժի կիրառումը դատապարտելու առնչությամբ, պաշտոնական Բաքուն սկսեց դիմել իր ավանդական գործիքակազմին՝ այն է կեղծ լուրեր տարածել: Մենք այս գործիքակազմին առաջին անգամ չէ, որ առերեսվում ենք, սա սովորական երևույթ է և դրա հիմնական խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքուն բախվեց միջազգային, ինչպես նշեցի միակողմանի դատապարտմանը, որ պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և պետք է ուժի կիրառումից ձեռնպահ մնան»:

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը նշեց՝ հայկական կողմը ունի փաստական, անհերքելի տվյալներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները: «Նշեմ, որ տարիներ շարունակ, երբեմն կոպտագույն կերպով խախտելով 1994-95 թվականների եռակողմ, անժամկետ համաձայնագրերը, որով հաստատվել է հրադադարը, և հրաժարվելով Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված, Հայաստանի ու Արցախի կողմից ընդունված հրադարարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրումից, Ադրբեջանը, ըստ էության, ի ցույց է դնում, որ իր բոլոր գործողությունները մինչ օրս ուղղված են եղել նման ուժի կիրառման գործողությունների քողարկմանը և դրանց համար հող նախապատրաստելուն: Նա մշտապես ունեցել է պատերազմն սկսելու ծրագրեր»:

Նաղդալյանը նշեց՝ Արցախի նկատմամբ  Ադրբեջանի այս ագրեսիան ունի 2 առանձնահատկություն: «Առաջին՝ Ադրբեջանի նախագահի մակարդակով հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից և խնդիր է դրվել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, և երկրորդ՝ այս անգամ մենք առնչվում ենք Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությանը»:

Աննա Նաղդալյանի խոսքով՝ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին բնութագրվում է տեղում թուրքական ռազմական ներկայությամբ: «Ադրբեջանցիների հետ կողք կողքի կռվում են թուրք փորձագետները, ովքեր օգտագործում են թուրքական սպառազինություն՝ անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ: Մենք ունենք տեղեկություն նաև Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի որոշակի շրջաններից օտարազգի ահաբեկիչ զինյալների հավաքագրման և Ադրբեջան տեղափոխման մասին»:

Արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը շեշտեց, որ այս բոլոր հանգամանքներին գումարվում է նաև Թուրքիայի ղեկավարության ցուցաբերած  լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցությունը Ադրբեջանին: «Այս ամենը մեզ թույլ է տալիս ասել, որ այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ: Մոտ 100 տարի առաջ իր պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացրած Թուրքիան ներկայումս կարծես թե խրախուսում է Ադրբեջանին նույն ցեղասպան գործողությունները իրականացնել նաև հայ ժողովրդի նկատմամբ Հարավային Կովկասում»:

Աննա Նաղդալյանը նշեց նաև, որ Արցախի և Հայաստանի կարողությունները և պատրաստակամությունը՝ հակադարձել այս դաշինքին, աներեր է: «Այդ վճռականությունը այլընտրանք չունի, այստեղ խոսք է գնում իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության և կյանքի մասին»:

 

Լրահոս

Դիտել ավելին