Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ մոտեցում ունի Արցախի խնդրով Նիկոլ Փաշինյանը. Արամ Սարգսյան

25 Սեպտեմբեր, 2020 23:52
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
Ի՞նչ մոտեցում ունի Արցախի խնդրով Նիկոլ Փաշինյանը. Արամ Սարգսյան
ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 
 
«Ի՞նչ մոտեցում ունի Արցախի խնդրով Նիկոլ Փաշինյանը, կամ՝ ո՞րն է կոնֆիդենցիալը,
Հին հայկական ավանդույթով նորից փոթորիկ ենք բարձրացնում մի բաժակ ջրում, որտեղ ոչ ջուր կա, ոչ բաժակ: Կարևորը "փոթորիկն" է, հետոն հետո կերևա: Ասպարեզ է նետվել նոր բառ՝ "կոնֆիդենցիալ", որին վերագրվում է ինչ ասես, բայց ոչ բուն իմաստը: Ինչպե՞ս պիտի լուծվի Արցախի հարցը.
Կարծում եմ՝ հիմնական հարցը՝ ի՞նչ ենք հասկանում մենք "փոխզիջում" ասելով: Ոմանք նորից՝սեփական քաղաքական շահի համար, սկսել են օտարի շահը սպասարկել, որ ոչ միայն ամոթ է, այլև ազգադավ։
1997թ-ին Սամվել Բաբայանը և եղբայրս մտել են առաջին նախագահի մոտ և ասել, որ կարգավիճակի դիմաց 5 շրջանները հիմա էլ կարող են վերադարձնել, բայց Լաչինը և Քելբաջարը պահել է պետք։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ աշխարհը մեր դեմ է, նման տարբերակի հնարավորություն չկա։ Որոշ ժամանակ հետո ՀՀ ուժային կառույցները և ԼՂ իշխանությունները ասել են, որ համաձայն են ԼՂ ճանաչումից 10 տարի հետո Քելբաջարն էլ տալ և պահել միայն Լաչինը։ Առաջին նախագահը փորձել է և, ցավոք, չի ստացվել... Դրանից հետո որոշվեց գործընթացը ձգել և սպասել լավ ժամանակների, երբ աշխարհը մեզ կհասկանա։ Առաջին նախագահը հրաժարական տվեց` կանխատեսելով, որ ոչ միայն նման ժամանակներ չեն գա, այլև ավելի վատ տարբերակներ են մեզ առաջարկելու։ Դրան էլ հաջորդեց Մեղրիի խայտառակ տարբերակը, որ շուկայական ու փողային տրամաբանության մեջ էր։ ՀՀ իշխանությունները սկզբից մերժում էին անգամ բանակցության փաստը, հետո ընդունեցին, բայց պնդեցին, որ իրենք էլ են դեմ եղել առաջարկին։ Հիմա արդեն երկրորդ նախագահը խոստովանում է, որ կոմունիկացիաների համար փորձել է փող պոկել։ Ծիծաղելի է...
Հետո եկան Մադրիդյան սկզբունքները՝ Արցախի կարգավիճակի փաթեթային տարբերակի մոդիֆիկացիան` անցումային կարգավիճակով և հանրաքվեով, կամ՝ քվեարկությամբ լուծում ապահովելով։ Ընդհանուր առմամբ, այս տարբերակին կողմ են եղել թե երկրորդ, թե երրորդ նախագահները, բայց որոշակի խնդիրներ կային նրբերանգներում, ու Ադրբեջանը՝ համաձայնության գալու շեմին, նորանոր պահանջներ էր դնում։ Ես համոզված եմ, որ խնդրի լուծմանը դեմ է Ռուսաստանը, ինչ որ չափով նաև Իրանը։ Ռուսաստանը կորցնում է ազդեցության լծակները տարածաշրջանում, Իրանը Հորադիզն Ադրբեջանին հանձնելուց վտանգ է տեսնում` Ադրբեջանի և Թավրիզի նահանգի միավորվելու առումով։ Եվ, ռուսներն իրենց ներկայությունը հավերժ դարձնելու համար, հորինեցին Լավրովյան տարբերակը, որ մերժեց երրորդ նախագահը, որի պատճառով կորցրեց իշխանությունը։ ՀՀ վարչապետ պետք է դառնար Կարեն Կարապետյանը, որը, հավանաբար, համաձայնություն էր տվել Լավրովյան պլանին: Բարեբախտաբար չստացվեց՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և մեր հասարակության ակտիվության։
Այսօր էլ բանակցային գործընթացն իր էությունը չի փոխել և չի էլ կարող փոխել։ Նման խնդիրներն արդեն 70 տարի լուծվում են ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքով։ Դաշնակների և իրենց ազգայնական համարող ոմանց համար, դեռ Կուռ-Արաքսի և Էրգրի խնդիր կա, ու ցանկացած փոխզիջում իրենց համար զիջում է, ինչը ես մեր երկրի համար դրական եմ համարում, որն օգնում է նաև իշխանությանը բանակցային գործընթացում։ Տեր-Պետրոսյանը փոքր քայլերով փուլային լուծումն է ճիշտ համարում։ Ես փաթեթի կողմնակից եմ, բայց գտնում եմ, որ գլոբալ պայմանավորվելուց հետո գործընթացը միայն փուլային լուծում ունի։ Քոչարյանն Արցախի անկախությունը ճանաչված համարելու միակ տարբերակը տեսնում է Մեղրին Լաչինով փոխանակելը, որը իմ կարծիքով դավաճանություն է։ Սերժ Սարգսյանը Մադրիդյանի կողմնակից է։ Ես էլ Մադրիդյանը հենք եմ համարում , բանակցային գործընթացը շարունակելու համար։
Հ.Գ. Ինչ մոտեցում ունի Նիկոլ Փաշինյանը խնդրի լուծման մանրամասների առումով, չգիտեմ, բայց որ նա Արցախի կարգավիճակն ամուր պահող է ու միայն փաթեթային լուծման կողմնակից, կասկած չունեմ։ Գոյություն ունեցող տարբերակներից ո՞րն է ավելի ընդունելի՝ սա է խնդիրը։ Սպասում ենք ավելի լավ ժամանակների, ժամանա՞կ ենք ձգում, թե՞ գնում ենք լուծման, սա է կոնֆիդենցիալը, ոչ թե դավադրությունների տեսությունը, որտեղ, հայ "հզորագույն" մտքերի փայլատակումով՝ Ալիևը "լավն ու բարի" է, իսկ "չար ու վատ" Նիկոլ Փաշինյանն իրեն կոտորում է, գաղտնի բանակցում է, որ Ալիևին համոզի հողերը վերցնել: Լավ, մութ չի չէ՞, ու՞մ են խաբում: Արդեն անգամ ծիծաղելի չէ»:

 

Լրահոս

Դիտել ավելին