Կարևոր իրադարձություններ

Կոնդի շունչը, բաց մրցույթը եւ 100 մլն դրամ մրցութային ֆոնդը

25 Սեպտեմբեր, 2020 11:49
Կոնդի շունչը, բաց մրցույթը եւ 100 մլն դրամ մրցութային ֆոնդը

Mediamax.am-ը գրում է.

Հայաստանի կառավարությունը որոշել է «վերակենդանացնել» Կոնդ թաղամասը եւ աշխատանքներ է սկսել Կոնդի պատմաքաղաքաշինական միջավայրի ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։  Աշխատանքային խմբի առաջին նիստի արձանագրության մեջ ասված է, որ Կոնդում պատմամշակութային արժեք ներկայացնող, հուշարձան համարվող բոլոր շենքերը պահպանվելու են:

Երեւանի հին թաղամասի զարգացման հայեցակարգի ու էսքիզ-նախագծի միջազգային բաց մրցույթի մասին Մեդիամաքսը զրուցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, ով նաեւ աշխատանքային խմբի քարտուղարն է:

«Երեք խնդիր ունենք»

Վարագ Սիսեռյանն ասում է, որ Կոնդի հետ կապված երեք հիմնական խնդիր ունեն լուծելու՝ պահպանել բոլոր հուշարձանները, պահպանել արժեք ներկայացնող շենք-շինությունները, եւ ամենակարեւորը, թաղամասի համար ունենալ տնտեսապես հետաքրքիր եւ իրագործելի նախագիծ:

Կոնդը՝ վերեւից Կոնդը՝ վերեւից

Լուսանկարը` Աշոտ Հայրապետյան

 

 

«Եթե ունենանք շատ գեղեցիկ նախագիծ, բայց տնտեսապես ոչ իրագործելի, անհարմար ներդրողների, կապալառուների ու բնակիչների համար, ապա այն կմնա թղթի վրա: Կոնդի ամբողջական եւ միասնական զարգացման հայեցակարգի մշակման նպատակով առաջիկայում հայտարարվելիք բաց միջազգային մրցույթի միջոցով պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ իրենց մասնագիտական հմտությունները գործի դնելով՝ տան ներդրողների համար տնտեսապես իրագործելի նախագիծ»,- ասում է Վարագ Սիսեռյանը:

 

Թաղամասում արդեն չափագրում է կատարվում, որի ավարտից հետո կսկսվեն գույքագրման աշխատանքները: Գույքագրված հուշարձանների ու արժեք ներկայացնող շենքերի մասին ամբողջ ելակետային տվյալները կներկայացվեն մրցութային փաթեթի հետ:

 Ֆիրդուսի «ցավոտ փորձը»

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նկատում է՝ ի տարբերություն Ֆիրդուսի 33-րդ թաղամասի, Կոնդի պարագայում ամեն ինչ նոր կերպ է արվելու:

«Ես հասկանում եմ, որ Կոնդի հետ կապված ճարտարապետների մոտ մտահոգություն կա, հենց դրա համար էլ թաղամասի միասնական զարգացման հայեցակարգի մշակման համար բաց մրցութային տարբերակն ենք ընտրել: 

Կոնդում Կոնդում

Լուսանկարը` David Symonds

 

Ֆիրդուսի դեպքում բաց մրցույթ չհայտարարվեց, քանի որ ծրագիրն արդեն իսկ մեկնարկած էր, ներդրումներն ու հատակագիծը կային: Ֆիրդուսի փորձն իրականում ցավոտ էր, բայց կարողացանք դրա հետ կապված սոցիալական խնդիրը լուծել: Թաղամասի բնակիչները արդեն ուղիղ բանակցում են ներդրողների հետ, նրանք 1քմ-ի համար կստանան $ 1200-1300, ինչը մինչ 2018-ը կազմում էր շուրջ $ 600: Կոնդի բնակիչների հետ եւս, կարծում եմ, փոխհամաձայնության կգանք»,- ասում է նա:

Բաց եւ ներառական մրցույթ՝ Կոնդի համար

«Աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ քննարկման դրված էսքիզ-նախագծի մրցութային փաթեթը, կարծում եմ, մինչեւ ամսվա վերջ e-draft.am էլեկտրոնային հարթակում կդրվի հանրային քննարկման, իսկ միջազգային բաց մրցույթը կհայտարարվի մինչեւ 2020թ. հոկտեմբերի վերջ»,- ասում է Վարագ Սիսեռյանը: Նախագծի մրցութային փաթեթը քննարկվել է շահագրգիռ կողմերի՝ մասնագիտական հանրության եւ անհատ ճարտարապետների հետ, որոնց առաջարկությունների հիման վրա այն լրամշակվել է:

Վարագ Սիսեռյանը Վարագ Սիսեռյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

«Էսքիզ-նախագծի բաց մրցույթի մասին ուզում ենք հնարավորինս լայն շրջանակներ իմանան, թե՛ ներքին, թե՛ արտաքին աշխարհից: Ցանկացած ընկերություն, ճարտարապետների միավորում, անհատ ճարտարապետ կարող է մասնակցել մրցույթին:

Կստեղծվի նաեւ մրցութային ֆոնդ, որի չափը աննախադեպ մեծ է լինելու: Եթե ցանկանում ենք մարդիկ լուրջ զբաղվեն, լուրջ էսքիզ-նախագիծ ներկայացնեն, պետք է մրցութային ֆոնդի գումարը բարձր լինի: Նախնական որոշվել է 100 մլն դրամ: Սա նաեւ անում ենք նրա համար, որ միջազգային ընկերությունները, հայտնի ճարտարապետները հետաքրքրված լինեն Կոնդի շունչը, միջավայրը հնարավորինս պահող նախագիծ ներկայացնելու»,- ասում է Վարագ Սիսեռյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին