Կարևոր իրադարձություններ

Ո՞վ էր ճիշտ Գրիշա Թամրազյան-Սմբատ Գոգյան վեճում

24 Սեպտեմբեր, 2020 16:57
Ո՞վ էր ճիշտ Գրիշա Թամրազյան-Սմբատ Գոգյան վեճում

ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին այսօր գրել է Yerkir.am կայքը։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ԿԳՄՍ փոխնախարարի և Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանի միջև հակասություններ կան։  Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված, բայց դեռևս չնշանակված, Դիանա Գալոյանի ատենախոսությունում Գոգյանը  թերություններ էր մատնանշել։

Shabat.am-ը ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանից հետաքրքվեց՝ արդյո՞ք Թամրազյանի այս որոշումը նշանակում է այն, որ ինքը ճիշտ էր, վերջինս պատասխանեց․ «Ինձ թվում է, որ ես ճիշտ էի»։

Հարցին, եթե ինքը չբարձրաձայներ այս խնդիրների մասին, արդյո՞ք Թամրազյանը հրաժարական կտար, Գոգյանն ասաց․ «Եթե ես չբարձրաձայնեի՝ բարձրագույն կրթության ոլորտում փոփոխության հույսեր չէր լինի, իսկ հիմա այդ հույսը կա»։

Գոգյանից հետաքրքրվեցինք նաև, թե տնտեսագիտական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակն ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի․ «Հանգուցալուծելու համար նախ պետք է հասկանալ, որ մենք շատ խորը խնդիրներ ունենք բարձրագույն կրթության ոլորտում։ Առանց ամաչելու նստենք և այդ խնդիրների մասին խոսենք և լուծումներ փնտրենք»։

Դիտարկմանը, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ամաչո՞ւմ է նստել և այդ խնդիրների մասին խոսել, Գոգյանն ասաց․ «Ես նախարարի հետ տարուց ավել է չեմ զրուցել, չեմ կարող ասել»։ Մեր ճշտող հարցին, թե ինքը փորձե՞լ է հանդիպումներ կազմակերպել և այդ խնդիրների մասին խոսել, ԲՈԿ ղեկավարն ասաց․ «Ես իմ աշխատանքն ուրիշ տեղ թողել, եկել էի ԲՈԿ, որ դրանով էլ զբաղվեի»։

Հարցին, թե՞ հիասթափված է ստեղծված իրավիճակից, ասաց․ «Ինձ հիասթափեցնելը դժվար է»։

Նշենք, որ թեև Դիանա Գալոյանը ընտրվել է, նրան դեռևս չեն շտապում նշանակել ռեկտորի պաշտոնում։ Օրեր առաջ էր տնտեսագիտական համալսարանի դասախոսները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց, որպեսզի ստանային վերոնշյալ հարցի պատասխանը։

 

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին