Կարևոր իրադարձություններ

Այս կարգի ներդրումներն օգնում են, որպեսզի աշխատատեղերը չփակվեն․ Նիկոլ Փաշինյան

24 Սեպտեմբեր, 2020 14:00
Այս կարգի ներդրումներն օգնում են, որպեսզի աշխատատեղերը չփակվեն․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստին  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

«Ընդհանուր առմամբ ասեմ, որ միջոցառում 1-ով և 2-ով սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը երեկվա դրությամբ կազմում է շուրջ 119 մլրդ դրամ: Այսինքն, ըստ էության, մենք այդ չափով վարկային պորտֆել սուբսիդավորելու ենք, որը, կարծում եմ, էական է: Բայց, այո, շատ կարևոր է այն կանոնը, որը մենք սահմանեցինք հունիսի 12-ին, և որի համաձայն՝ 50, 100 և հետագայում նաև սահմանեցինք, որ 25 մլն դրամով սեփականատիրոջ կողմից կապիտալի համալրման դեպքում տրվում են սուբսիդավորման ավելի բարենպաստ պայմաններ: Երեկվա դրությամբ՝ հայտերի քանակը 32-ն է, 28-ը բավարարված է: Բավարարված հայտերի ծավալով մենք կսուբսիդավորենք մոտ 8 մլրդ դրամին համարժեք վարկային պորտֆել, բայց այստեղ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ շուրջ 3 մլրդ դրամի ներդրում է իրականացվել սեփականատերերի կողմից իրենց կապիտալում: Ցանկանում եմ ասել, որ սա սկիզբն է, որովհետև այս տիպի կանոնների իմպլեմենտացման ժամանակաշրջանն ավելի երկար է, բայց 3 ամսվա համար կարծում եմ, որ բավական լավ դինամիկա ունենք: Ընթացքում կհետևենք և պարբերաբար կներկայացնենք արդյունքները»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Թեմային անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյնանը հարցրեց․ 

«Ես այսօր նայեցի, որ, ըստ էության, այդ գումարներն ընկերություններն օգտագործում են հումքի, սարքավորումների ձեռքբերման, աշխատավարձերի, հարկերի վճարման համար, ինչն սկզբունքորեն մենք գնահատում ենք: Այսինքն՝ մենք որևէ կոնկրետ բան չենք նկատի ունեցել, կոնկրետ հոդվածներով նաև առաջարկել ենք, որը վատ չի: Նաև այս կարգի ներդրումներն օգնում են, որպեսզի աշխատատեղերը չփակվեն։

Ցանկանում եմ ընդգծել, որ նախորդ ամիսներին արձանագրված միտումը շարունակվել է նաև օգոստոսին, և 2020թ. օգոստոսին մենք 13422-ով ավելի աշխատատեղ ունենք հանրապետությունում, քան 2019թ. օգոստոսին, և օգոստոսին հուլիսի նկատմամբ ունենք 4946 աշխատատեղով ավելի: Եվ նաև այս միտումը շարունակվում է՝ աշխատավարձի ֆոնդերի հետ կապված՝ մեկ տարբերությամբ. 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի նկատմամբ երկրում բոլոր աշխատավարձերի ֆոնդն ավելի է եղել 10 մլրդ 974 մլն դրամով կամ 9.6 տոկոսով: Սակայն հուլիսի նկատմամբ պակաս է եղել օգոստոսին 2 մլրդ 663 մլն դրամով, որը պետք է վերլուծել, հասկանալ, թե ինչի հետ է կապված: Իսկ մեկ մարդու միջին աշխատավարձը 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի նկատմամբ ավելի է եղել 13671 դրամով կամ 7.3 տոկոսով: Սակայն 2020թ. օգոստոսին 2020թ. հուլիսի նկատմամբ պակաս է եղել 5973 դրամով կամ 2.9 տոկոսով: Սրանք, իհարկե, թվեր են, որոնք դեռ պետք է վերլուծել և հասկանալ, բայց արձանագրումը այն է, որ աշխատատեղերի թիվն ավելանում է: Իհարկե, այս երևույթը նույնպես պետք է վերլուծության ենթարկվի, բայց այս ավելացումն առնվազն վատ չէ: Սա մեզ հետաքրքրում է նաև ընդհանուր սոցիալական իրավիճակի գնահատման առումով՝ առնվազն վատ չէ, որ աշխատատեղերն ավելանում են:
Պարոն Հովհաննիսյան, դուք արդեն որևէ վերլուծություն արե՞լ եք: Ինչ-որ բան ունե՞ք ավելացնելու»:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց․ 

«Ձեր այն դիտարկմանը, որ օգոստոս ամսին ընդհանուր աշխատավարձի բազան պակաս է եղել հուլիս ամսվանից՝ դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ հուլիս ամիսը, ինչպես գիտենք, արձակուրդային ամիս է, և արձակուրդների ընթացքում հաշվարկվող և աշխատակիցներին վճարվող աշխատավարձի չափը, եկամտի չափն ընդհանուր առմամբ ավելին է, քանի որ նույն համամասնությունը գրեթե արտացոլված է 2019թ. հուլիս-օգոստոս ամիսների համեմատականով: Ավելին, 2019թ. այդ բացասական տարբերությունը կազմել է մոտ 4 մլրդ դրամ՝ ի տարբերություն 2020թ., երբ, ինչպես նշեցիք, մոտ 2.5 մլրդ դրամի սահմաններում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին