Կարևոր իրադարձություններ

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

23 Սեպտեմբեր, 2020 18:35
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր գերատեսչության աշխատակազմին ներկայացրեց նախարարի նորանշանակ տեղակալներ Տիգրան Սիմոնյանին և Աննա Մազմանյանին։ Այս մասին հայտնում են ՇՄ նախարարության լրատվական ծառայությունից։ 

Ներկայացնելով Տիգրան Սիմոնյանին նախարարը Պետրոսյանն առանձնահատուկ շեշտեց վերջինիս գիտական ոլորտում ունեցած հարուստ փորձը, որը նախարարի տեղակալը մեծ նվիրումով պատրաստ է ներդնել շրջակա միջավայրի գիտական բաղադրիչի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարեփոխումների և իրավական ընթացակարգերի բարելավման ուղղությամբ։

Անդրադառնալով Աննա Մազմանյանին նախարար Պետրոսյանն ընդգծեց նորանշանակ տեղակալի մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան արդյունավետության նոր սանդղակ նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։

Նախարարը հույս հայտնեց, որ նոր նշանակված նախարարի տեղակալներն իրենց գիտելիքով ու ներուժով կնպաստեն Շրջակա միջավայրի նախարարության ինստիտուցիոնալ կայուն զարգացմանը՝ իրենց վստահված ոլորտների արդյունավետ կառավարմամբ, մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, հմտությունների և կարողությունների առավելագույն ներդրմամբ։

Նախարար Պետրոսյանը վստահեցրեց, որ գերատեսչությունում ընթացող կադրային բարեփոխումներն ուղղված են Շրջակա միջավայրի նախարարության առողջացմանն ու նպատակ են հետապնդում ձևավորել թափանցիկ աշխատաոճ, մասնագիտական կայուն համակարգ և կարգապահություն։

Հավելենք նաև, որ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանին վստահված է համակարգել գերատեսչության ԲՀՊՏ-ների 6 ՊՈԱԿ-ներ՝ կանոնակարգելով դրանց տնտեսական բաղադրիչները, գերատեսչության՝ վերոհիշյալ ոլորտի քաղաքականության մշակման վարչությունը և մի շարք խոշոր ծրագրեր։

Նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը համակարգելու է ՇՄՆ 4 վարչություններն ու 3 ՊՈԱԿ-ները, այդ թվում՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և ՇՄՆ իրավական բլոկը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին