Կարևոր իրադարձություններ

Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ժողովուրդը բազմաթիվ տաղանդավոր զավակներ ունի. նախագահ Արմեն Սարգսյան

22 Սեպտեմբեր, 2020 12:15
Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ժողովուրդը բազմաթիվ տաղանդավոր զավակներ ունի. նախագահ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ի երեկոյան «Զվարթնոց» արգելոց-թանգարանում մասնակցել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը։

Իր խոսքում շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ նախագահ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ տոնական օրն ավարտվում է նման գեղեցիկ երեկոյով։ Անդրադառնալով մրցանակաբաշխությանը՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այստեղից վերադառնալու եմ՝ ևս մեկ անգամ համոզված լինելով, որ մեր ժողովուրդը հարուստ է հազարավոր տաղանդավոր մարդկանցով։ Եթե այդ տաղանդավոր մարդիկ միաժամանակ նաև աշխատասեր են, նպատակասլաց, նաև ինքնավստահ, ապա այդ մարդկանց կարող ես անվանել հերոս, որովհետև այդ մարդիկ իրենց տաղանդն աշխատեցնում են իրենց հայրենիքի համար, նաև իրենց համար: Նրանք ստեղծագործ մարդիկ են»:

Ընդգծելով, որ ցանկացած երեխա իսկապես ծնվում է տաղանդով՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Իր ծնողների, մեզանից յուրաքանչյուրի, պետության դերը նախ և առաջ այն է, որ կարողանանք այդ տաղանդը հայտնաբերել, օգնել, որ անհատի տաղանդը ծաղկի և ինքը ստեղծագործ աշխատանքով ծառայի և՛ իրեն, և՛ իր հայրենիքին»։

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակը հանձնելուց առաջ նախագահը նշել է, որ երբ բացել է ծրարն ու տեսել, թե ում է այն հանձնելու, հիշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքը, որ հերոսներն ապագայից պետք է գան:

Նախագահ Սարգսյանը մրցանակ է հանձնել Expper Technologies ընկերության համահիմնադիր Կարեն Խաչիկյանին՝ Robin ռոբոտի ստեղծման համար՝ ընդգծելով, որ նա ապագայից է եկել:

Արհեստական բանականությամբ աշխատող Robin ռոբոտը ստեղծված է հիվանդանոցներում բուժվող երեխաների հետ շփվելու, նրանց դրական զգացմունքներ փոխանցելու նպատակով: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Կարեն Խաչիկյանն իսկապես տաղանդավոր մարդ է և կարողացել է միավորել մի քանի կարևորագույն արժեքներ. «Նա ոչ միայն զբաղվում է նոր տեխնոլոգիաներով, ռոբոտ է ստեղծում, այլև հասկացել է, որ ապագայում միայն տեխնոլոգիաները և ռոբոտները չէ, որ պետք է աշխատեն, պետք է աշխատի նաև մարդկային էությունը: Նա իր գործունեության մեջ գումարել է մի քանի կարևորագույն արժեքներ։ Դրանցից մեկը մարդկային արժեքն է, որովհետև ռոբոտն աշխատում է երեխաների հետ, երկրորդը՝ կրկին մարդկային է, աշխատում է հիվանդանոցում և երրորդը, իհարկե, տեխնոլոգիաներն են: Այդ երեք սյուների վրա հիմնված ստեղծագործ աշխատանքն անպայման հաջողության պետք է հասնի»,-ասել է Հանրապետության նախագահը՝ Կարեն Խաչիկյանին առաջարկելով, որ հաջորդ ռոբոտին անվանի ոչ թե Ռոբին, այլ Կարին։

Շնորհավորելով մրցանակակրին՝ նախագահը վստահություն է հայտնել, որ նա ապագայում նոր հաջողություններ կարձանագրի և կարժանանա նոր մրցանակների:

 

Լրահոս

Դիտել ավելին