Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    573,5
    585,5

  • RUB

    6,23
    6,48

Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է մաքրապատման աշխատանքներին (լուսանկարներ)

19 Սեպտեմբեր, 2020 17:23
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է մաքրապատման աշխատանքներին (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և բազմաթիվ կամավորների մասնակցությամբ սեպտեմբերի 19-ին Հիմնադրամի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակում  Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում մասնակցել է մաքրապատման աշխատանքներին։ Միջոցառումն իրականացվել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

Միջոցառման մասնակիցները մի քանի ժամվա ընթացքում մաքրել են Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը՝ բնության վերադարձնելով իր իրական տեսքն ու հմայքը: Մաքրապատման աշխատանքների արդյունքում հավաքվել է 450 պարկ (120 լիտրանոց) աղբ, որից 200 պարկ տեսակավորված աղբը (պլաստիկ թափոն) ուղարկվել է վերամշակման, իսկ մնացած աղբը տեղափոխվել աղբավայր։

«Անկախության տոնի նախօրեին այս միջոցառմամբ ցանկանում ենք կարևորել ու ընդգծել մեր հայրենիքի հանդեպ ամենօրյա սիրո, խնամքի ու հոգատարության անհրաժեշտությունը: Հայաստանն ու նրա ամեն մի անկյունը մեր տունն է, նրա մաքրությունն ու կոկիկությունը մեր պատիվն է: Այո՛, հայրենիքը սիրելը նաև չնախատեսված վայրերում աղբ չթափելն է: Եկե՛ք ամրագրենք մի պարզ ճշմարտություն՝ աղբը չպետք է նետել բնության մեջ, այնտեղ այն տեղ չունի: Այսօրվա կամավորները մեր դեսպաններն են իրենց տանը, համայնքում։ Սա փոփոխությունների շղթա է, որ չպետք է ընդհատվի»,- նշել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Մաքրապատման աշխատանքներն իրականացվել են խաղ-մրցույթի ձևաչափով։ Մասնակիցները ստացել են խրախուսական, պլաստիկի դեմ պայքարն ընդգծող, կիրառական նվերների փաթեթներ՝ կտորից պայուսակներ, ապակյա տարաներ, նոթատետրեր, պատկերագրքեր և այլն:

Մաքրապատման աշխատանքների ավարտին անցկացվել է բնապահպանական թեմայով սեմինար, որին հաջորդել է Վանաձորում հայտնի «Քլոքեր» ռոք խմբի համերգը։

«Իմ քայլը» հիմնադրամի կարևորագույն ուղղություններից է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը, որի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում իրականացնելով վարքագծային փոփոխություններ, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխությանը:

Ծրագիրը ֆինանսավորում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին