Կարևոր իրադարձություններ

«Ներարկել են իրեն հակացուցված դեղ»․ մանրամասներ՝ մահացած ծննդկանի դեպքից

18 Սեպտեմբեր, 2020 17:08
«Ներարկել են իրեն հակացուցված դեղ»․ մանրամասներ՝ մահացած  ծննդկանի դեպքից

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնում առողջ նորածին աղջիկ է ծնվել, սակայն  30-ամյա ծննդկանը մահացել է:

Shabat.am կայքը կապ հաստատեց մահացածի ընկերուհու՝ Արփինեի հետ, ով մանրամասնեց, որ Սեդան՝ ծննդկանը, երկու տարի առաջ ունեցել է չզարգացող հղիություն, որն ընդհատվել է «Աստղիկ» ԲԿ-ում, այս հղիության ընթացքում ոչ մի գանգատներ չի ունեցել, և որ այս հղիությունը եղել է իդեալական, առանց որևէ պրոբլեմի:

Այն հարցին՝արդյո՞ք ծննդկանին ներարկել են իրեն հակացուցված դեղամիջոց՝ անտիբիոտիկ, պատասխանեց. «Մենք տեղյակ չենք երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով, թե՞ կեսարյան հատում է կատարվել։ Եղել է  ներարկում։ Ներարկել են իրեն հակացուցված դեղ, այն դեպքում, երբ երկու տարի առաջ «Աստղիկ»  ԲԿ-ում առաջին հղիությունն ընդհատելու ժամանակ, այդ դեղի պատճառով մահացու ռեակցիա է եղել ու ընկել է կոմայի մեջ, որտեղ մի կերպ փրկել են նրա կյանքը: Դրանից հետո Սեդան դիմել է Սիրունյան կոչվածին, որպես լավ մասնագետ, որը տեղյակ է եղել Սեդայի ամբողջ պատմությանը, հետո նորմալ հղիացել է, անկետայի մեջ նշված է եղել, որ այդ դեղից ինչ վիճակի կարող է հասնել, այսինքն մահացու է իր համար եղել»:

Հարցին՝ բժշկական կենտրոնից որևիցե մեկը մոտեցե՞լ է հարազատներին մանրամասներ հաղորդելու համար պատասխանեց. «Ոչ մեկ չի մոտեցել, մենք նոր կարդում էինք իրենց պաշտոնական էջում գրած բարբաջանքը, որտեղ նշված է, որ մեկ այլ անտիբիոտիկ է ներարկվել, իսկ թե ի՞նչ հիմքով է այդ անտիբիոտիկը ներարկվել առանց դեղորայքը փորձարկելու, էն դեպքում երբ ծննդկանը ուրիշ անտիբիոտիկից մահացու շոկի մեջ հայտնվի ու ինչի՞ են նույն ընտանիքի (բժշկական լեզվով ասած)  մահացու անտիբիոտիկ  ներարկել, որից հետո երեք անգամ ունեցել է սրտի կանգ ու էլ ուշքի չի եկել»։  

Թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը պատասխանեց. «Վաղը լինելու է դատաբժշկական փորձաքննություն, փաստաբանի հետ կմոտենան, որ հասկանան թե ի՞նչ է կատարվելու»։

Հիշեցնենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ն այսօր հաղորդագրություն է տարածել ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշված է

«Ս․թ․ 17.09.2020 , ժամը 12:25  30 ամյա ծննդկան Ա․Ս․  դիմել է «Շենգավիթ»  ԲԿ (ախտորոշումը`   ԲԳԱ, ԲՍԱ,ԲՄԱ ծննդաբերության լատենտ փուլ),  հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում  «Ցեֆտրիաքսիոն»  հակաբիոտիկի նկատմամբ  տարել է անաֆիլաքսային շոկ,  որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել :

Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը կնոջը ներարկվել է այլ խմբի հակբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի : Հիվանդության անամնեզը  նշված է եղել  ծննդկանի  բժշկական փաստաթղթերում:  Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից , ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ , զարկերակային ճնշումը՝ 70/30 մմ․սնդ․ սյուն, PS 125 զարկ,  Sao 2-65%: Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50սմ հասակով:

Ծննդկանի մոտ ախտորոշվել է՝  վաղ հետծննդյան շրջան, վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա -? :

Ձեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝     1:15-05:40  ժամվա ընթացում  դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: 18․09․2020, ժամը 05:40 մոնիտորի վրա կրկին արձանագրվել է սրտի կանգ:  45 րոպե տևողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է  ծննդկանի կենսաբանական մահը:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ և հայտնում իր խորին ցավակցությունը ծննդկանի ընտանիքի անդամներին , հարազատներին և մտերիմներին»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին