Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ–ում ԱՄԷ ժամանակավոր հավատարմատարին

18 Սեպտեմբեր, 2020 14:56
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ–ում ԱՄԷ ժամանակավոր հավատարմատարին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը ողջունել է տիկին Ահլամ ԱլՍալամիին, ապա կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամին շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության համար, ապա կողմերը զրուցել են համատեղ ծրագրերի իրականացման և նոր ծրագրերի նախադրյալների առկայության մասին։

Հիշեցնենք, որ  Շրջակա միջավայրի նախարարության և Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև 2019թ. հունվարի 15-ին ստորագրվել է հուշագիր՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին:

Նախարարն անդրադարձել է վերոնշյալ հուշագրով սահմանված համագործակցության ոլորտներին, ինչպես նաև ընդգծել երկկողմ համագործակցության շրջանակներն ընդլայնելու անհրաժեշտությունը։

Կողմերն առանձնահատուկ ուշադրության են արժանացրել պահպանվող տարածքների կառավարման և ընդլայնման, ինչպես նաև վտանգված տեսակների պահպանության և վերաբնակեցման ոլորտում համատեղ գործողություններին: Վերոնշյալ ոլորտում համագործակցությունը կարևորվում է՝ հաշվի առնելով ԱՄԷ առաջադեմ և հաջողված փորձը, ինչպես նաև հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է կենսաբազմազանության աշխարհի 25 «թեժ կետերից» մեկը՝ շնորհիվ մեր երկրի հարուստ բուսական և կենդանական աշխարհի։

Այս համատեքստում նախարար Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Գեղանի արոսի «Asian Houbara» վերաբնակեցման և Հայաստանի հարավ-արևմուտքում վերջինիս բազմացման հեռանկարներին ուղղված ծրագրի իրականացման շրջանակներում։ Ակնկալվում է ԱՄԷ կողմից աջակցություն ստանալ ինչպես փորձագիտական մակարդակում, այնպես էլ Գեղանի արոսի «Asian Houbara» անհրաժեշտ առանձնյակների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման հարցում։

Անդրադառնալով «Արաբական այծքաղ (օրիքս) դիվանագիտություն» նախաձեռնությանը՝ կողմերը քննարկել են շրջակա միջավայրի կայուն կառավարմանն ու կենսաբազմազանության պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամի չեն շրջանցել նաև անտառային քաղաքականության մշակման և իրագործման ոլորտում համագործակցության հեռանկարների ընդլայնման հնարավորությունները։ ԱՄԷ գործընկերները հայկական կողմին առաջարկ էին ուղղել Հայաստանում իրականացնել «Ղաֆ» ծառի տնկման լայնածավալ ծրագիր։

Հիշեցնենք, որ այդ ծառատեսակն աշխարհում հռչակվել է որպես հանդուրժողականության խորհրդանիշ։ Նախարար Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել մասնագիտական շրջանակների հետ քննարկումներից հետո իրականություն դարձնել ծառատեսակի միջոցով մեր երկրում անտառածածկ նոր հատվածներ հիմնելու նախաձեռնությունը և  նշել, որ նման համագործակցությունը յուրօրինակ խթան կհանդիսանա երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման համար։

Թափոնների կառավարման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում նախարար Պետրոսյանը, մասնավորապես անդրադարձել է  թափոնների վերամշակմանն ուղղված հզորությունների և կարողությունների ստեղծման ու կայացման գործում ԱՄԷ հարուստ փորձի և ներդրումային հնարավորությունների խնդրին։

Նախարարը ներկայացրել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ։ Կողմերը պայմանավորվածություն  են  ձեռք բերել քննարկելու նաև վերոնշյալ ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունը։

Նախարար Պետրոսյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է ԱՄԷ  կողմին տրամադրել թափոնների կառավարման բնագավառում ինչպես այժմ իրականացվող ծրագրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները, այնպես էլ սպասվող նախագծերին առնչվող տվյալներ:

Հանդիպումն անցել է ջերմ և գործընկերային մթնոլորտում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին